1095թ. ուշ աշնանը Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց ազատագրել Հիսուս Քրիստոսի գերեզմանը և գրավել Երուսաղեմը անհավատ մուսուլմաններից։
Նրա կոչին արձագանքեցին հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խաչեր սկսեցին կրել իրենց հագուստներին և կոչվեցին «խաչակիրներ»։ Այսպես սկսվեցին խաչակրաց արշավանքները։
Քրիստոնեական սրբավայրերն ազատագրելուն հռչակված նպատակից բացի, արշավանքների առաջնորդներն ու մասնակիցներն ունեին նաև այլ նպատակներ։
Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, ցանկանում էր Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկել։ Բյուզանդիան փորձում էր պաշտպանության ստանալ թյուրք-սելջուկների արշավանքներից, որոնք 1070–80-ական թվականներին նվաճել էին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար։ Սնանկացած ավատատեր-ասպետները ցանկանում էին տրանալ մերձավորարևելյան հարուստ երկրների հարստությանը։ Արշավանքները ֆինանսավորող իտալական քաղաքները(մասնավորապես՝ Վենետիկն ու Ջենովան) ձգտում էին իրենց ձեռքը վերցնել Արևելքի հետառևտուրը և դուրս մղել մյուսներին՝ հույներին, հայերին, արաբներին և այլն:
1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրների մասնակցությամբ։ Նրանց տեղում օգնում էին նաև Կիլիկիայի հայերը։
1098թ. խաչակիրները գրավեցին Եդեսիան և ստեղծեցին խաչակրաց առաջին պետությունը Արևելքում Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099թ. խաչակիրները տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1099թ., գրավելով Տրիպոլին, խաչակիրներն ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Անտիոքի իշխանությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները կախման մեջ էին Երուսաղեմի թագավորից:
1187 թ. Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանը, իշխանության գալով, սկսեց պայքար և, պարտության մատնելով տեղի խաչակիրներին, գրավեց Երուսաղեմը։
Սա պատճառ դարձավ խաչակրաց երրորդ արշավանքի, որը սկսվեց 1189թ.։ Այն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան (1190 թ-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում), Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը: Նրանց հաջողվեց գրավել Ակրա քաղաքը և Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը. կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա:
Երեք արքաների արշավանքից և ոչ բավարար հաջողությունից հետո խաչակրաց շարժումը սկսեց անկում ապրել։ Հաջորդ հինգ արշավանքները ունեին բացահայտ նվաճողական բնույթ։ 1280-1290-ական թվականներին մուսուլմանները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները:
Խաչակրաց արշավանքները նաև դրական հետևանքներ ունեցան՝ Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին, զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը: