Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ, որոնց շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր: Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ, որն էլ ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը: Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ:
Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։ Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն: Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլեկուլները տարածվում են օդում:
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ու քանակի ատոմներից։Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։ Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Թեև մոլեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյութերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։
Առաջադրանք
Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։
Երբ դու շաքարը խառնում ես ջրի մեջ, փոքր մասնիկներ դանդաղ պոկվում են, ու մեկ-մեկ բարցրանում են ջրի երես, մեկ-մեկ իջնում դեպի հատակ և ի վերջո լուծվում։ Շաքարի մոլեկուլնորը խարնվում են ջրի մոլեկուլների հետ և քաղցրացնում այն։