Մայրենի 08․11․19

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մշուշ – մառախուղ, մեգ
շշուկ – ցածր ձայն, փսփսոց
բուրմունք – բույր, հոտ
ստվեր – հով, շողք
կածան – ճանապարհ, արահետ
եղյամ – շաղ, ձնգեռ
հորթ – որթ
մամուռ – ջրիմուռ
բառաչ – մայ, մայուն
տապալված – ընկնել, շուռ գալ
խարույկ – կրակ, հրդեհ

2․ Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:
Անտառում փոքր ամպերի նման մառախուղի կտորներ կային։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:
Ծառերի խշխշոց անտառում նմանեցվում է շշուկների։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:
Աշունն անտառին նախապատրաստում էր ձմռան քնի համար։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:
Եղյամի կաթիլները սնկի գլուխը ծածկում էին ու փայլում արծաթի նման։

3․ Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Եղնիկի և որսորդի հատվածը։

4․ Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

Անտառում ամպոտ մշուշ էր։ Աշունն օրորոցային էր երգում։
Անտառում խոնավության բույր էր տարածված, լսվում էր խշշոց։ Կածանի վրա բազմաթիվ մարդու հետքեր էին։
Եղյամի կաթիլները սնկի վրա արծաթի պես փայլում էին։ Բացատում թեթև քամի էր, որ ամպրոպից հետո ուժեղանալու էր։
Եղնիկի ձագը վազում էր մոր մոտ, իսկ որսկանը նրանց հետքերն էր որոնում։
Փայտահատը յուղում էր իր սղոցը, իսկ անտառապահի տնակի առաջ խարույկ էր վառած։

5․ Նկարի՛ր բանաստեղծությունը: