Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը:
Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերր կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումր տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորր (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Քիմիական տարրը |
Քիմիական նշանը |
Արտասանությունը |
Ազոտ |
N |
էն |
Ալյումին |
Al |
ալյումին |
Ջրածին |
H |
հաշ |
Թթվածին |
O |
о |
Երկաթ |
Fe |
ֆեռում |
Պղինձ |
Cu |
կուպրում |
Արծաթ |
Ag |
արգենտում |
Ոսկի |
Au |
աուրում |
Կապար |
Pb |
պլումբում |
Ցինկ |
Zn |
ցինկ |
Ածխածին |
C |
ց |
Ծծումբ |
S |
էս |
Ֆոսֆոր |
P |
պե |
Քլոր |
Cl |
քլոր |
Բրոմ |
Br |
բրոմ |
սիլիցիում |
Si |
սիլիցիում |