Պատմություն. Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում։ Վարդանանց պատերազմը

Կամենալով հայ ժողովրդին և Արևելյան Հայաստանը լրիվ կտրել Բյուզանդական կայսրությունից` պարսից արքունիքը հայերից պահանջեց կրոնափոխ լինել և ընդունել զրադաշտական կրոնը։ Դրա դեմ միահամուռ դուրս եկավ ժողովուրդը։

Պարսից մայրաքաղաք Տիզբոն կանչված մարզպան Վասակ Սյունին և հայ նախարարներն առերես ընդունեցին զրադաշտականությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և ղեկավարել ապստամբությունը։ Ապստամբության գլուխ կանգնեց հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը։

Պարսկական զորքերի դեմ ապստամբների վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում։ Ուժերը խիստ անհավասար էին, և ապստամբները պարտվեցին։ Սակայն պարսից արքունիքը, հայերի համառ դիմադրությունից և հնարավոր նոր ապստամբությունից անհանգստացած, ստիպված եղավ առժամանակ հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից։