Քրիստոնեության պետական կրոն հռչակվելով, Մեծ Հայքի թագավորական իշխանությունը մեծապես ամրապնդվեց։ Հայ Արշակունիները, որոնք նախորդ դարերում զգալի արտոնություններ էին տվել նախարարներին, հետևողական պայքար էին մղում արքունի տիրույթների ընդարձակման և երկիրն իրենց ուժեղ ենթակայության տակ վերցնելու ուղղությամբ։ Դա առաջ է բերում նախարարների ըմբոստություններ ու ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվում են Հայոց թագավորների կողմից, իսկ որոշ նախարարական տներ` ոչնչացվում։
Արքունիքի և նախարարության միջև հակամարտությանը մեծապես նպաստում էին Հռոմը և Սասանյան Պարսկաստանը։
Արշակ II
Արշակ II–ը (թագավորել է 350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը:
Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է կառուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը:
Նախարարները պարսից ուժերի օժանդակությամբ ավերում են Արշակավան քաղաքը և կոտորում նրա բնակիչներին։
Իր հերթին արքունիքն էլ՝ հանձին Արշակ II-ի, ոչնչացնում է մի շարք նախարարական տներ, սպանում նույնիսկ իր եղբայրներին՝ գահի հավակնորդներ Գնելին և Տիրիթին։
Դրան հաջորդած հայ-պարսկական պատերազմում հաջողության չհասնելով՝ Շապուհ արքան դիմում է նենգության: Նա Արշակին հրավիրում է Տիզբոն` իբր թե վիճելի հարցերը կարգավորելու: Նախօրոք երդում ստանալով Շապուհից իրենց անվտանգության վերաբերյալ` Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն (368 թ.): Շապուհը, չկատարելով իր խոստումը, սպարապետ Վասակ Մամիկոնյանին տանջամահ է անում։ Արշակին ձերբակալում են և նետում Անհուշ բերդը, որտեղ նա ևս մահանում է:
Պապ Թագավոր
Հայոց թագավորության վերականգնման համար պայքարը շարունակեցին Արշակ II-ի որդի Պապ թագավորը (թագավորել է 370-374) և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։ Ազատագրական պատերազմը ոտքի հանեց ամբողջ ժողովրդին։
Հայկական բանակը 371թ. Ձիրավի ճակատամարտում ջախջախեց պարսկական բանակն ու վտարեց երկրից։
Պապը վարեց ինքնուրույն քաղաքականություն՝ ձգտելով կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ և տարածաշրջանում ստեղծել ուժերի հավասարակշռություն։ Նա ձեռք է բերում ժողովրդական լայն զանգվածների համակրանքը և Հռոմի թշնամանքը։ Հռոմի կայսերական արքունիքը կազմակերպում է նրա սպանությունը։
Մեծ Հայքի բաժանումը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև
Պապը Արշակունյաց վերջին նշանավոր գահակալն էր, որ կարող էր վերականգնել թագավորության երբեմնի հզորությունը։ Նրա հաջորդների օրոք Մեծ Հայքի թագավորությունը գնալով թուլացավ և 387թ. բաժանվեց Հռոմեական կայսրության ու Պարսկաստանի միջև։
Մեծ Հայքի արևելյան մասում թագավորությունը գոյատևեց մինչև 428թ., երբ պարսից արքունիքը գահընկեց արեց Արշակունյաց վերջին գահակալին և երկիրը վերածեց պարսկական մարզի։