Պատմություն. Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Ավատատիրության հաստատումը

Հայաստանում III-V-րդ դարերում ձևավորվեցին նոր՝ ավատատիրական կարգեր, որոնք վարչաքաղաքական և իրավական կարգավորում սկսեցին ստացալ IV դ. սկզբներին։

Այդ ժամանակներում մեծ դեր ուներ մասնավոր խոշոր հողային կալվածքը, որը կոչվում էր «ավատ»։ Աշխարհների և գավառների նախկին կառավարիչները սկզբում ժառանգական դարձրեցին իրենց պաշտոնները, այնուհետև վերածվեցին իշխանների կամ նախարարների ու ժառանգական իրավունքով տիրեցին այդ կալվածներին:

Հասարակությունը բաժանվեց երկու հիմնական դասերի՝ ազատների և անազատների։

Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը։ Դրա մեջ էին մտնում Թագավորը, խոշոր ավատատերերը՝ իշխանները և նախարարները, ինչպես նաև զինվորականները և այլ աստիճանավորները։ Հոգևորականները նույնպես ազատների դասում էին։ Քաղաքացիները, շինական գյուղացիներն ու մշակները կազմեցին անազատների դասը։

Կար հողատիրության երեք ձև. «հայրենիք» կամ «հայրենական»՝ ժառանգաբար հորից որդուն անցնող, «պարգևականք»՝ պետական պաշտոնյաներին և զինվորներին որպես պարգև տրվող, և «գանձագին»՝ դրամով գնված։ Թագավորի տիրույթները հայրենիք էին։

Ավատատիրության ժամանակաշրջանին բնորոշ էին զորեղացող նախարարների անջատողական ձգտումները: Նրանք հաճախակի անհնազանդություն էին ցուցաբերում և ապստամբում թագավորական իշխանության դեմ:

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Վաղ-քրիստոնեական համայնքները Հայաստանում տարածվեցին Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների քարոզչության շնորհիվ (քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական

Տրդատ III թագավորը, որը հայկական գահին էր հաստատվել 287թ. հռոմեացիների օգնությամբ, սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին։ Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր երկրպագել Անահիտ աստվածուհուն։ Նա տանջանքների ենթարկվեց և նետվեց Խոր վիրապի բանտ: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հռոմից փախստական եկան Հայաստան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և այլոք, որոնք նահատակվեցին Տրդատ III-ի հալածանքների պատճառով։  Սակայն հիվանդացած Տրդատ թագավորը բուժվեց Խոր վիրապի բանտից ազատված Գրիգոր Պարթևի կողմից, իսկ քրիստոնյաների հալածանքները դադարեցին: 

Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում` Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում, մատուռներ հիմնել: Դրանց վրա VII դ. կույսերի անուններով եկեղեցիներ կառուցվեցին։

301թ. Գրիգոր Պարթևը մեկնեց Կեսարիա: Նա այնտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց եպիսկոպոսապետ (կաթողիկոս)։ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար Գրիգոր Լուսավորիչ կոչվեց, Տարոնում կործանեց Վահագն աստծո մեհյանը և հիմք դրեց Հայոց առաջին եկեղեցուն։ Նա Արածանի գետում մկրտեց Տրդատ III-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, բանակը և ժողովրդին։ Առաջինն աշխարհում` 301թ. քրիստոնեությունը հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն։

Քրիստոնեությունը, քարոզվելով ժողովրդին անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում հայ հասարակության մեջ։ Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը՝ մատաղը, Վարդավառը և այլն:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն նշանակալից հաջողություններ ունեցավ նաև Հռոմում։ 313թ. այն հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին։

Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը։

Անուրանալի է քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը երի ազգապահպանման գործում։ Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա:

Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց ոչ միայն հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործառույթները, այլև ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը։ Դարեր շարունակ եկեղեցին ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով։