05.10.23․ Զաբուղոն․ Մաս Գ

Սկզբում Վասիլիկը այսպես երջանիկ էր։ Միթե ճակատագրի նման չէր այս անտեսանելի սիրահարը, որը աշխարհը կողոպտում էր իրեն կշտացնելու համար ամեն ճոխություններով։

Սակայն մի օր այս ամենը ծաղրելի թվաց իր աչքին։ Իր գաղտնագողի ու թաքուն երջանկությունը մի բան էր կորցնում այսպես ծածուկ մնալով և չկարողանալով ուրիշներին ի ցույց դրվել։ Երևակայեցեք թանկագին մի ադամանդ, որը դատապարտված է հավիտյան մի տուփի մեջ փակված մնալու և չկարողանաք մի օր կրծքի վրա դնելով դիմացինին շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս թագնված ադամանդի տպավորությունն էին թողում։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ էր, չէր կարողանում գոհանալ կյանքի այն ներքին ու լուռ ներդաշնակությամբ, որ իր ձեռքում էր և դրսում արձագանք չուներ։ Մարդիկ կան, որոնք դերասաններ են աշխարհի վրա։ Իրենց սեփական կյանք և գոյություն չկա, միայն ուրիշների համար են ապրում։ Հանդիսատեսներ են պետք այդպիսիներին, և կյանքը հրապույր չունի եթե իրենց դիտողները պակասում են։ Դերասաններ են, որոնք պատրաստ չեն դատարկ մի սրահի առջև ներկայացում տալու։

Այդիպիսին էր Վասիլիկը։ Իր մեկուսացումը՝ լքվածություն էր նշանակում։ Ոչ ոք իր երեսին չէր նայում փողոց ելած ժամանակ։ Գյուղից բոլոր երիտասարդները իր հրապույրներից դողում էին։ Հիմա պչրանքի արվեստը չէր փորձում նրանց դեմ, թույլ ու երերուն մի քալվածք էր որդեգրել, որ իր նուրբ մարմնի բոլոր խաղերը մատնում էր, և այսպես ցանկության տաք մի հով էր տարածում իր շուրջը և օձի մի նայվածք, որին հանդիպողը կախարդվում էր։

Մի օր մի տղա կապվեց նրա հետ և ամուսնանալ առաջարկեց։ Այդ վայրկյանից գողի սերը անտանելի մի լույս դարձավ իրեն։ Էլ չկարողացավ սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրություններին գնալ, այս պարտեզի մեջ, կամ այն լեռան վրա։ Ամեն առիթով գանգատվեց, բողոքեց, ու լացեց։ Մյուսը զարմանում էր. ինչո՞ւ է այս արցունքը, չէ որ առաջվա պես սիրում էին իրար։ Ի՞նչ կապ ունի մնացածը։ Զաբուղոնը իր առանձնացած կյանքով, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարներն էր պարզում։

— Ի՞նչ պիտի լինի սրա վերջը, հարցնում էր աղջիկը։

Սրա վե՞րջը։ Զաբուղոն երբեք չէր մտածել այդ մասին։ Ընդհակառակը, փափագում էր որ վերջը չգա։

Այդ ժամանակ հուսահատած՝ կամովին, օրհնված պսակադրությունից ավելի ամուր և հաստատ թվացող այդ նշանադրությունից բաժանվելու նպատակով մի սատանայական միտք հղացավ։ Մի գիշեր ոստիկաններին կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնին։