Զաբուղոն նշանված էր: Զարմանում ե՞ք։
Նշանադրությունը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէր կատարվել իհարկե։ Հայր սուրբը չէր օրհնել այն, ոչ էլ լրագրերն էին տեղեկացրել։
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք էին տվել, գիշերը ծառի տակ, աստղերն էլ՝ որպես վկաներ։ Աշխարհի ամենամեծահանդես նշանադրությունը իրենցն էր։
Բոլորս ճանարում էինք Վասիլիկին, այն վտիտ դեմքով ու խառնված մազերով աղջկան, որը գույնզգույն զգեստներով և արտակարգ արդուզարդերով՝ բարջրանում էր վեր լեռան վրա միայնակ պտտելու շաբաթ երեկոները։
Ոչ ոք չէր համարձակվում աչք նետել կամ փակել նրան։ Կեսարի հարսնացուն էր նա։ Նրա բացակա նշանածի տարածած սարսափի պատճառով ՝ աներկյուղ պտտում էր ամեն տեղ։ Եվ նա պահպանող այս վախը վայելում էր։ Անմատչելի լինելը՝ հրապուրիչ էր նրա համար։ Մասամբ իր նշանածի փառքն էլ էր տարածվում իր վրա։ Նրա արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մարդ չէր կարող լինել։ Աշխարհից դուրս ապրող մարդուն նշանածը նույնպես աշխարհքից դուրս արարած էր, և մի տեսակ պատկառանքին խառնված ցանկությամբ նայում էին նրան, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վեհ ու արհամարհոտ դիցուհու ձևերով, իր շաբաթական պտույտն էր անում մեր կողմերում։
Կարծես Վասիլիկը գոհ էր այս կյանքից։ Մի մարդ կար մթում, որին նա պաշտում էր, Ռյույ Պլասի ասածի պես, առանց երևալու, առանց բացահայտ իր կողքը գալու։
Ու մութը՝ իրական մութն էր այստեղ։ Կյանքը՝ գիշերն էր սկսվում իր համար և գիշերը ավարտվում, քանի որ նշանածը միայն մթին կարող էր գալ, ամենաանակնկալ մի պահի, մտքով չանցած մի ծտպումով, որին գրկաբաց սպասում էր։
Ուրիշները կարող էին ասել որ «այսքան օր» ապրեցին։ Ինքը պիտի ասեր՝ «այսքան գիշեր»։
Լուսնի պես խավար էր պետք որպեսզի փայլեր։ Այս աղջիկը էապես աղջամուղջի դշխուհին էր։
Ու գողը, իր անընդհատ փոփոխվող այլակերպություններով ամեն գիշեր մի նոր սիրահար էր թվում իր աչքին, և այդպես ամեն հասակները ու ամեն գույները հերթով խոնարհվում էին իր առջև, դյութական մի երազ շինելով անվերջ։