Մի մարդ, ում երեսը երբեք չէինք տեսել, խավարի մեջ ապրող մի դիվային էակ։ Գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել էր, որը բերնեբերան կրկնվելով և տարածվելով՝ վերջնական ձև ու վավերականություն է ստանում, և դառնում իրականություն։
Զաբուղոնը մեր գյուղի մեջ մի գող էր։ Ո՛չ այն գյուղացի գողը, որը բռնվում է շարունակ, և ծաղրվում և փտում բանտերում։ Ոչ էլ այն ահարկու ավազակը որի գողությանը մերթ ընդ մերթ արյուն է խառնվում։
Իր մեծ արժանիքը ճարպկության մեջ էր։ Օդի պես անշոշափելի, ոգիի պես անտեսանելի, ոչմիտեղ չէ և ամեն տեղ է միաժամանակ։ Ամենաամուր փակված դուռը, ամենաբարձր պատն արգելք չեն նրա մտնելու համար։ Բանալու ծակից, տախտակների ճեղքերի միջով է սպրդելու կարծես, անշշուկ ստվերի պես։
Ամեն ինչ գիտի, ամեն խոսք լսում է ու փակ ժողովները իր համար չեն։ Իր համար պատրաստված ծուղակների միջից հաջողությամբ դուրս է գալիս միշտ, վարպետ ձեռնածուի պես զարմանքի մեջ թողնելով իրեն բռնելու պատրաստվող միամիտներին։ Երեսը շիտակ տեսնող չկար, բայց պատմեցին — ո՞վ, կամ ի՞նչպես, չգիտեմ — թե երիտասարդ էր այս տղան, կարճահասակ, թխադեմ ու թույլ տղա է։ Երկաթագործի մոտ աշակերտություն էր անցել ու կողպեքների գաղտնիքը պետք եղածից ավելի շատ գիտեր։
Հիմա արվեստագետի պես էր ապրում, գողանալով և թալանելով շարունակ, մղված ավելի շատ սնապարծությունից, քան թե իրական չարությունից։ Բավական էր, որ իր ճարտարության փորձը տար ամենից անմատչելի թվացող տները, կողոպտելով, և հոժարությամբ հետ պիտի տար գողոնը, եթե բռնվելու վախը չլիներ։
Կամաց կամաց մտերմություն էր հաստատվել գյուղացիների և այս գողի մեջ։ իհարկե ստիպված՝ վարժվել էինք իր ներկայությանը։ Այս խորհրդավոր ու անբացատրելի գոյությունը, հալածված մարդու այս թափառական կյանքը՝ սրտներս շարժում էր, և եթե մի քիչ էլ առաջ գնայինք, կսիրեինք նրան։