Ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.
- քաղաքը հին է,
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. … Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը – աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ:
- քաղաքը եվրոպական չէ,
Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս – և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:
- գավառական հետամնաց քաղաք է
Փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք:
- քաղաքը նաև կարելի է նոր համարել,
Որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս – և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ:
- քաղաքն ունի հրաշալիքներ։
Առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ -հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում: Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել — թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,— Վարդանի կամուրջը կամ վերջապես -Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,- ո՞րը թվեմ:- Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:
Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ։
Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում -նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ -եվրոպացիք… Դեռ մենք շատ ենք հետամնաց», — ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն – և նա, իհարկե, ունի իրավունք.- պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.- գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը – և չի կարող տանել ոչ մի հնություն: Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում և բոլորը հարգում են նրան: Բայց քաղաքը ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը: