Քարաշեն պատերի, ամուր երկաթե դռների hետևում շրջում են, սպասելուց հուսահատված, կամքի ուժասպառ վիճակում՝ անզգա և անտարբեր դառնալով տարիների անվերջ շրջապտույտին։
Անակնկալ փրկության հույսը, առաջիկա օրերի ակնկալությունը վաղուց լքել են նրանց և հիմա ի սկզբանե սահմանված թվականին սպասելով միայն, կծկված մնում են այդտեղ ժամերո՜վ, չորս կողմը բարձրացող պարիսպների տակ բուսած հսկա սնկերի պես։ Բոլոր հասակները ու բոլոր տարիքները կան այստեղ, այս դիմացկուն քարե արգանդի մեջ, որը Թիարան է կո վում և որը այս մարդկանց պիտի նորից ծնի մի օր, պիտի արտաքսի իր ծոցից դուրս, միաժամանակյա ծնունդներով։
Վերևից, նեղ բացվածքներից լույսը մտնում է ներս, խիստ խնայողաբար, տկար ու դժգույն այն դեմքերի պես, որոնց լուսավորելու է գալիս։
Զաբուղոնը սրանց մեջ է։ Իր համբավը իրենից շուտ է հասել բանտ։ Մեծ մի չարագործ չէ բայց շատ ճարպիկ մեկն է։ Հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որի ոտքին ամուր երկաթներ են հագցրել և կողքին դրել հաստ պարիսպներ։
Յոթը տարի պիտի մնա այսպես: Երիտասարդ էր այստեղ եկած ժամանակ ու ծերացած դուրս պիտի գա։ Իր նշանածի մասին մտածելու է ամեն ժամ, այն միակ բարեկամությունը, որին անկասկած հավատում է դեռ։ Ո՞ւր է։ Ի՞նչ է անում արդյոք։ Ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր է գործադրում։ Մի անգամ երեսուն մետր բարձրությամբ մի պատով է անցնում, բայց դրսի բակի մեջ բռնվում է։ Ուրիշ անգամ բանտի մի երդիկի վրա բարձրանալ է հաջողում։ Երկու գիշեր անցկացնում է այնտեղ, տեսնում են ու բռնում նորից։ Այն ժամանակ բոլոր խստությունները գործի են դնում ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ։ Բանտի կարգապահական պատիժները տեղում են իր գլխին։ Ոչմիբան չէր կասեցնում նրան։ Դուրս պիտի գար Վասիլիկին գտնելու համար։ Իրոք որ մի ուրիշ պատճառ չունի փախչելու։
Եվ մի գիշեր հաջողվեց վերջապես։ Խոհանոցի ծխնելույզի մեջից բարձրացավ նախ ու հետո մի հիանալի ճարտարությամբ այդ ցից բարձրությունից իջավ, այս անգամ բանտի պարիսպից դուրս։
Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը հաջողվեց ահա, ու ուղղակիօրեն, անխոհեմությամբ դեռևս, մեր գյուղն է դառնում նորից։ Մի կասկած չի անցնում այս հնարամիտ մարդու մտքով։ Մի տարակուսանք չունի՝ թունավորելու իր սիրո մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը։ ձախողակ մի պատահար էր միայն։ Առաջին օրերի պես գիտի որ մի սպասող կա իրեն ամենից անակնկալ ժամին, ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով բազմպառկում է, մեծանում է, իր սրտից դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկի թովիչ ակնարկը պիտի գտնի նորից։ Նրա գանգուռ մազերի պատկերը դեռ չտեսած, աչքի առջև անցնում են, և ուրախության մի սարսուռ ցնցում է իր խեղճ մարմինը։
Մեղմորեն մոտենում է նրա տանը։ Պատուհանի առջև խոսացկության մի ձայն կանգնեցնում է նրան։ Ո՞վ է ներսում։ Լսում է, չի հավատում իր լսածին։ Ներս է մտնում անձայն, առանց իր ներկայության կասկած տալու, ու չի հավատում իր տեսածին։ Մի ամբողջ ժամ մի անկյուն կծկված սպասում է, չկարողանալով ցրված միտքը ամփոփել։ Հետո կամաց ինքն իրեն գտնում է, խորհում ու ձեռքը ստիպված գնում է փոքրիկ մի դանակի կոթին, որ մեջքի գոտուց է անցկացված։ Մատները շոյում են զենքը։ Առաջին անգամ է որ արյուն թափելու կարիգը տեսնում է պարզ ու հստակ։ Ինքը, որ ամեն բանից կարողանում է փախչել, այս վրեժխնդրության գաղափարից չի կարողանում պոկվել։ Ո՞վ է այս ապուշ էակը, որ իր թողած պակասը լցնելու է եկել, այս նստող տղայի՞ համար է Վասիլիկ մոռացել իրեն։ Մեկ նայվածքով չափում է, գնահատում է այդ ոսոխից և իրենից շատ ցածր է գտնում։
Եվ իր սիրտը լցնող արհամարհանքի առջև վրեժի գաղափարը թուլանում է։ Ձեռքը քաշում է դանակի կոթից, որ իր ձգված մատները կիսով դուրս էին քաշել մեջքի գոտուց։ Ո՛չ, չարժեն սրանք իր զայրույթը, ու կամացուկ դուրս է գալիս կրկին։ Ամբողջ գիշերը քայլում է թափառական, փողոցների մեջ։ Ո՞ւր պիտի գնա այսպես։ Տուն չունի, ծանոթ չունի։ խորհում է որ այսքան ծանր գնով ձեռք բերված ազատությունը մի բանի չի ծառայում և ուսերի վրա ծանրանում է։
Արշալույսի հետ՝ վարանոտ քայլերով ետ է դառնում նորից իր բանտը, որի դռան առջև գտնում են նրան առավոտյան ու ներս են առնում։