Թեմա 39-40. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին. Արցախյան հիմնախնդիրը

1988 թ. փետրվարին, օգտվելով վերակառուցման քաղաքականության ընձեռած հնարավորությունից, արցախահայությունը բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ պահանջելով 1921 թ. ապօրինաբար Ադրբեջանին բռնակցված մարզը Հայաստանին վերամիավորելու մասին։ Հայաստանը եւ Հայկական սփյուռքը արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցեր կազմակերպեցին։ Շարժումը ղեկավարելու համար Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ կոմիտեն»։

Ի պատասխան հայության խաղաղ պահանջների ադրբեջանական իշխանությունները մի քանի օր անց ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին տեղի հայ բնակչության վայրագ կոտորած։ ԽՍՀՄ ղեկավարությունը չկարողացավ կանխել իրադարձությունները և պատժել իրական մեղավորներին։ 

Ստեղծված իրավիճակում լուրջ սպառնալիքի տակ էր դրվել Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ. գարնանից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց Ադրբեջանի քաղաքներից՝ Կիրովաբադից եւ այլ բնակավայրերից։

1988թ. դեկտեմբերի 7­ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Զոհվեցին 25 հազարից ավելի մարդ, անօթևան մնացին շուրջ կես միլիոն մարդ։ Համաշխարհային հանրությունը շտապեց օգնության ձեռք մեկնել աղետյալներին։

1988թ. դեկտեմբերի 7­ի Երկրաշարժից հետո փոխվեց նաև իրադրությունը Արցախյան շարժման շուրջ: Մոսկվայի հրահանգով ձերբակալվեցին եւ վեց ամսով մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Խորհրդային Միության բարձրագույն իշխանությունները փոխեցին նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը, ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, որից արցախահայերը դժգոհ մնացին, քանի որ Ադրբեջանն ավելի շատ էր օգտվում այդ որոշումից: Նրանք ընտրեցին իրենց մարմինը՝ Ազգային խորհուրդը, որ սկսեց առաջնորդել պայքարը Արցախում։

Ադրբեջանից հայության բռնագաղթի հաջորդ ալիքը սկսվեց 1990թ. հունվարին Բաքվում, որտեղից ստիպված հեռացավ շուրջ 200 հազար մարդ։ 

Արցախյան շարժումը եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար 1991 թ. թեւակոխեց որակապես նոր իրավիճակ: ԽՍՀՄ ղեկավարությունը ճիգեր էր գործադրում միությունը կործանումից փրկելու նպատակով: Ազգային շատ հարցեր փորձեցին լուծել զորքի օգնությամբ, ինչը Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ բացահայտ կիրառվեց հայերի նկատմամբ՝ 1991թ. իսկական պատերազմ սանձազերծելով Հայաստանի եւ Արցախի դեմ: Ադրբեջանական գրոհայինները ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին գրավեցին եւ ավերեցին Հյուսիսային Արցախի հայաբնակ Գետաշենն ու Մարտունաշենը‚ հայաթափեցին Հադրութի եւ Շահումյանի 24 հայկական գյուղերը։ 

1991 թ. մայիսից ԼՂԻՄ–ում հայ–ադրբեջանական ազգամիջյան իսկական պատերազմ սկսվեց: 

Պայքարի արդյունքում ոչ միայն Արցախը դիմակայեց, այլ հայ ժողովրդի միացյալ և հերոսական ջանքերով ԼՂ-ում 1991 թ. սեպտեմբերի 2–ին հռչակվեց հայկական երկրորդ պետությունը:

Ադրբեջանը գնալով ուժգնացրեց ԼՂՀ–ի դեմ ագրեսիան՝ անընդհատ ռմբակոծելով մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակահարվածի։

Հայ ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է Շուշիի ազատագրումը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»:

1992 թ. մայիսի 9–ին Արցախի ազատամարտիկները, զորահրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ, ազատագրեցին հայոց պատմական Շուշի քաղաքը:

Շարունակելով առաջխաղացումը՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մայիսի 18–ին գրավեցին Լաչինը՝ վերջ դնելով Արցախի հինգամյա շրջափակմանը: 

1993 թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ազերիների կողմից բռնազավթված հայկական տարածքները: ԼՂՀ ռազմական հաջողությունները կարեւոր նշանակություն ունեցան: Համոզվելով, որ զինված ճանապարհով չի կարող ընկճել արցախահայությանը, Ադրբեջանը հարկադրված 1994 թ. մայիսի 12–ին կնքել զինադադար:

1994-ից 2020թթ. ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային կարգավորման գործընթացը, որտեղ Ադրբեջանը պարբերաբար մերժում էր առաջարկությունները։

2020 սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուժերը պարտվեցին։

2022թ. սեպտեմբերին, որկարատև շրջափակումից հետո Ադրբեջանը անցավ երկրորդ հարձակմանը՝ ստիպելով Արցախի բնակչությանը գաղթել Հայաստան։

Այժմ Արցախում հայեր չկան՝ առաջին անգամ պատմության մեջ։