Վերակառուցումը և Արցախյան շարժումը
1980-ականների կեսին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչովը, ով երկիրը ճգնաժամից դուրս բերելու, տնտեսությունը և հասարակությունը բարեփոխելու համար նա սկսեց վերակառուցման քաղաքականությունը։
Հավատալով վերակառուցման քաղաքականությանը՝ արցախահայությունը բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ պահանջելով մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին վերամիավորելու մասին։ Հայաստանը եւ Հայկական սփյուռքը արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցեր կազմակերպեցին։ Շարժումը ղեկավարելու համար Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ կոմիտեն»։
Ի պատասխան հայության խաղաղ պահանջների ադրբեջանական իշխանությունները մի քանի օր անց ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին տեղի հայ բնակչության վայրագ կոտորած։ ԽՍՀՄ ղեկավարությունը չկարողացավ կանխել իրադարձությունները և պատժել իրական մեղավորներին։
Ստեղծված իրավիճակում լուրջ սպառնալիքի տակ էր դրվել Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ. գարնանից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց Ադրբեջանի քաղաքներից՝ Կիրովաբադից եւ այլ բնակավայրերից։
1988թ. դեկտեմբերի 7ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Զոհվեցին 25 հազարից ավելի մարդ, անօթևան մնացին շուրջ կես միլիոն մարդ։ Համաշխարհային հանրությունը շտապեց օգնության ձեռք մեկնել աղետյալներին։
Երկրաշարժից հետո փոխվեց նաև իրադրությունը Արցախյան շարժման շուրջ: Մոսկվայի հրահանգով ձերբակալվեցին եւ վեց ամսով մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Խորհրդային Միության բարձրագույն իշխանությունները փոխեցին նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը, ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, որից արցախահայերը դժգոհ մնացին, քանի որ Ադրբեջանն ավելի շատ էր օգտվում այդ որոշումից: Նրանք ընտրեցին իրենց մարմինը՝ Ազգային խորհուրդը, որ սկսեց առաջնորդել պայքարը Արցախում։
Վերադառնալով բանտից, 1989թ. «Ղարաբաղ» կոմիտեի անդամները ձևավորեցին Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), որը դարձավ համաժողովրդական պայքարի առաջնորդը Հայաստանում։
Ժողովրդական շարժման խորացումը
Ադրբեջանից հայության բռնագաղթի հաջորդ ալիքը սկսվեց 1990թ. հունվարին Բաքվում, որտեղից ստիպված հեռացավ շուրջ 200 հազար մարդ։ 1990թ. հունվար-փետրվար ամիսներին տեղի նաև ունեցան հայ-ադրբեջանական սահմանային բախումներ: Հայ աշխարհազորային ջոկատներն անառիկ պահեցին մեր սահմանները եւ կանխեցին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը:
Երկու տարվա Արցախյան ազատագրական պայքարը եւ սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը ժողովրդի շրջանում առաջ մղեցին անկախ պետականության վերականգնման խնդիրը:
1990թ. մայիսին տեղի ունեցան առաջին այլընտրանքային ժողովրդավարական ընտրությունները Հայկական ԽՍՀ պատմության մեջ, որտեղ ձայների կեսը ստացավ Հայոց Համազգային Շարժումը։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հայաստանի անկախության հռչակագիրը
Ընտրված նոր խորհրդարանն իր առաջին նստաշրջանում օգոստոսի 23-ին ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»: ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Ընդունվեցին առաջին հանրապետության զինանշանն ու դրոշը։ Հայտարարվեց, որ երկիրը պետք է ունենա սեփական բանակ և դրամական միջոց, ազատ տնտեսություն։
Հայաստանի պատմության մեջ սկսվեց 3-րդ հանրապետության շրջանը։
Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից
Ադրբեջանը 1991թ. իսկական պատերազմ սանձազերծեց Հայաստանի եւ Արցախի դեմ: Ադրբեջանական գրոհայինները ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին գրավեցին եւ ավերեցին Հյուսիսային Արցախի հայաբնակ Գետաշենն ու Մարտունաշենը‚ հայաթափեցին Հադրութի եւ Շահումյանի 24 հայկական գյուղերը։ 1991թ. մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիր։