Պատմություն. Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

 Խորհրդային Ռուսաստանը չէր հաշտվում Անդրկովկասի կորստի հետ և միջոցներ էր փնտրում այն կրկին իր ազդեցության ոլորտում ներառելու համար: Միաժամանակ, օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, քեմալական Թուրքիան 1920թ. սեպտեմբերին պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ: Հայկական բանակն ի զորու չեղավ կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Հայաստանի դաշնակցական կառավարությունը, երկիրը վերջնական կործանումից փրկելու նպատակով, հարկադրված էր ծանր պայմաններով հաշտություն կնքել Թուրքիայի հետ և ապա իշխանությունը հանձնել բոլշևիկներին։ 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստան մտավ խորհրդային Կարմիր բանակը և երկրում հռչակվեց խորհրդային վարչակարգ՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային (Սովետական) Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները

Խորհրդային իշխանության գլխավոր հոգսը դարձավ Հայաստանի տարածքային հիմնահարցը։ Խորհրդայնացումից հետո Ռուսաստանն իր վրա էր վերցրել Հայաստանի` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային վեճերը կարգավորելու նախաձեռնությունը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Թուրքիան օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից, այնպես էլ Ռուսաստանից։ Արդյունքում Ռուսաստանը ավելի կարևորեց հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հայկական հողերը զիջելով Թուրքիային։ 

1921թ. փետրվարին Մոսկվայում սկսվեցին ռուս-թուրքական բանակցությունները՝ որոշելու նաև Թուրքիայի հետ սահմանները։ Այդ բանակցություններին հայկական պատվիրակությանը չթողեցին մասնակցել։

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը‚ իսկ Նախիջևանի մարզը Թուրքիայի պահանջով հանձնվեց Ադրբեջանին։

Այս պայմանավորվածությունները հաստատվեցին 1921թ. աշնանը Կարսում պայմանագրով, որն այս անգամ ստորագրեցին մի կողմից Թուրքիան, մյուս կողմից երեք անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։

Նախիջևանի, Սյունիքի և Արցախի հիմնախնդիրները

Ադրբեջանին հաջողվել էր 1920թ. Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ հեռացնել հայկական զորքերը Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և Նախիջևանից։ Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանին և Թուրքիային հաջողվեց նաև փաստաթղթային հաստատում տալ Արցախին և Նախիջևանին Ադրբեջանի տիրապետությանը։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Ադրբեջանին հանձնվեց նաև Նախիջևանը, որն արագ հայաթափվեց։
 
Սյունիքի (Զանգեզուր) համար պայքարը շարունակվեց։ Թեպետ Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր, Սյունիքը, միայն Գարեգին Նժդեհի եւ նրա գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ, մնաց անառիկ 1921թ. հուլիսին միացավ Հայաստանին։

Լոռու և Ջավախքի խնդիրը

1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագրով վերջնականապես լուծվեց հայ-վրացական վիճելի տարածքների հարցը: Լոռին մնաց Հայաստանի կազմում, իսկ Ախալքալաքի շրջանը (Ջավախքը) անցավ Վրաստանին:

Այսպիսով, կարելի է ասել, որ նաև Խորհրդային Միության կազմում հենց առաջին տարվա ընթացքում հայության հայրենազրկումը շարունակվեց