Պատմություն. Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Հայաստանի Հանրապետությունը ձգտում էր իրեն միացնել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները և ստեղծել Միացյալ Հայաստան։

Հայկական պատվիրակությունները Փարիզի վեհաժողովում

1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (վեհաժողովը)։ Հաղթանակած Անտանտի երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Անտանտի կողմից պատերազմին մասնակցել էր նաև Հայաստանը, բացի այդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը կրել էր վիթխարի մարդկային և նյութական կորուստները:

Վեհաժողովին մասնակցում էին երկու հայկական պատվիրակություններ՝ Հայաստանի կառավարության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և արևմտահայերի պատվիրակությունը` եգիպտահայ հարուստ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ։ Նրանք մեծ աշխատանք կատարեցին հայկական պահանջների ներկայացման ուղղությամբ և մշակեցին համատեղ հուշագիր, որով պահանջում էին Միացյալ Հայկական անկախ պետության ստեղծումը, որը ներառելու էր արևելյան Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արեւմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները։ Պահանջվում էր նաեւ պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Հայկական մանդատի հարցը

Անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին` ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև վերջինս կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հայկական պատվիրակությունները առաջարկում էին դաշնակիցներից մեկին 20 տարով տրամադրել Հայաստանի մանդատը։ Ամենահավանական թեկնածուն ԱՄՆ էր, որի նախագահ Վուդրո Վիլսոնը հետաքրքրված էր հայկական հարցով։ Սակայն ԱՄՆ Սենատը չհաստատեց մանդատը։

Սևրի պայմանագիրը

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը։

Միացյալ անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը կազմում էր 160 հազար քառ. կմ, Արեւելյան Հայաստանի առկա 70 հազար քառ. կմ-ին միացվում էր նաև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (90 հազար քառ. կմ)։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ 

Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որոնք չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Թուրքական զորքը, որին դաշնակցում էր նաև  Խորհրդային Ռուսաստանը, 1920թ. սեպտեմբերին անցավ հարձակման և մի քանի ամսվա ընթացքում ետ գրավեց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսը և Ալեքսանդրապոլը (Գյումրին):  Հայաստանը պարտություն կրեց։

Մյուս կողմից` Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանի դաշնակից համարվող պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն` դիմադրելու քեմալականներին և ազատագրելու երկիրը։

Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրով Հայաստանը ճանաչվեց Միացյալ և Անկախ։ Սակայն խոշոր տերությունների երկդիմի քաղաքականության հետևանքով Սևրի պայմանագիրը չիրագործվեց և մնաց թղթի վրա։