Պատմություն․ Թեմա 31. ՀՀ հռչակումը։ Բաթումի պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, մասնավորապես Արևելյան Հայաստանի պաշտպանության և պատերազմը շարունակելու, թե Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում սուր հակասություններ առաջացան Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմինների միջև, որոնց հետևանքով 1918 թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, և դրանով՝ ԱԺԴՀ-ն։ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ, որին հետևեցին կովկասյան թաթարները, որոնք իրենց հանրապետությունը կոչեցին Ադրբեջան։

Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշեց հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարվեց, որ Անդրկովկասյան Ֆեդերացիայի լուծարման և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հանգամանքներով՝ հայոց ազգային խորհուրդը հայտարարում է իրեն հայկական գավառների միակ իշխանությունը։

Բաթումի պայմանագիրը

1918 թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսին վերասկսվեցին, և մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց հետևել Վրաստանին և Ադրբեջանին և պատվիրակություն ուղարկել Բաթում՝ հաշտություն կնքելու թուրքերի հետ։ Սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները և հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։

Պայմանագրի համաձայն՝ հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ Հայաստանին շատ փոքր տարածք էր թողնվում։ Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքեր, և երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա նա կարողանա զորք տեղափոխել Ադրբեջան: Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից վերցրեց 28 հազ․ քառ․ կմ տարածք։

Բաթումի պայմանագիրը նաև անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թ․ նոյեմբերը, երբ Թուրքիան պարտության պայմանագիր կնքեց Անտանտի երկրների՝ ԱՆգլիայի և Ֆրանսիայի հետ։

Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի համար շատ ծանր պայմաններ էր ներկայացնում, սակայն այն նաև հայոց նորագույն պատմության մեջ ամենակարևոր պայմանագրերից էր և առաջին միջազգային փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը, սակայն այն նաև իրավունք տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը։

Այսպիսով, Բաթումի 1918թ. հունիսի 4-ի պայմանագրից հետո Հայաստանի Հանրապետության դրությունը չափազանց ծանր էր։ Դրությունը փոխվեց‚ երբ 1918թ. նոյեմբերին պարտված Գերմանիան ու Թուրքիան հեռացան Անդրկովկասից։