Դեռևս 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմի ավարտին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով հայկական տարածքներից Գանձակը, Արցախը, Շիրակը, Զանգեզուրը և Լոռին անցան Ռուսաստանի տիրապետության տակ։
1826–1828 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմը
Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու հետ։ 1826 թ․ հուլիսին թագաժառանգ Աբաս-Միրզայի բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ՝ սկսելով երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Շրջակա գյուղերի հայերի օգնությամբ պաշտպանությունը տևեց 1,5 ամիս և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի համար։ 1826 թ․ սեպտեմբերին Շամքորի մոտ Ռուսաստանի բանակի հայ նշանավոր գեներալ Մադաթովի 2-հազարանոց զորքը ծանր պարտության մատնեց պարսկական 10-հազարանոց զորամասին։ Մի քանի օր անց ավելի մեծ ճակատամարտ եղավ Գանձակի մոտ, որի արդյունքում ռուսական զորքերը Աբաս-Միրզայի բանակին դուրս շպրտեցին Արցախից և գրավված մյուս շրջաններից։
1827 թ․ գարնանից ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ անցան հարձակման և ռազմական գործողություններ ծավալեցին դեպի Երևան և Նախիջևան։ Ռուսական զորքերը գրավեցին Էջմիածինը, իսկ օգոստոսի 17-ին փոքրաթիվ զորաբանակով կարողացան դիմադրել և հետ շպրտել պարսկական մեծաքանակ բանակին Օշական գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։
Երևանի գրավումը
Ռուսական զորքը սեպտեմբերին սկսեց Երևանի բերդի պաշարումը։ Հինգ օր անընդմեջ հրանոթներով ռմբակոծումից հետո, ռուսական զորքերը և հայ կամավորները հոկտեմբերի 1-ին մտան Երևան։ Պարսկական կայազորը գերի վերցվեց։ Երեւանի գրավումը ուրախությամբ ընդունեց Հայաստանի ողջ հայությունը, որն պարսկական տիրապետությունն արդեն անտանելի էր համարում։
Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։
1828թ. փետրվարին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մնացյալ տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Ռուսաստանի և Իրանի միջև սահմանագիծ դարձավ Արաքս գետը։ Պարսիկները պարտավորվում էր վճարել 40 մլն. ռուբլի ռազմատուգանք։ Պայմանագրով իրավունք տրվեց Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին վերադառնալ ու բնակություն հաստատել Հայաստանում։
Պարսկաստանից հայերի վերաբնակեցումը սկսվեց 1828թ. գարնանը: Շուրջ 40 հազար հայեր վերագաղթեցին Արևելյան Հայաստան։ Պարսկահայերի զգալի մասի նախնիները բռնագաղթել էին Հայաստանից շահ Աբասի կողմից 17-րդ դարում և նրանց սերունդները վերադարձան իրենց հայրենի օջախները։ Այդ զանգվածային վերաբնակեցումը վերականգնեց Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և թույլ տվեց կրկին հայկական բնակչություն տեսնել Հայաստանի հայաթափված շատ բնակավայրերում։
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին կարևոր նշանակություն ունեցավ։ Թեպետ չարդարացան հայության սպասումները ազգային անկախ պետություն ունենալու մասին, սակայն Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից։
Ռուսաստանը Պարսկաստանի համեմատությամբ նաև առաջադեմ երկիր էր և հայությունը տնտեսության, արվեստի և գիտության զարգացման ավելի լավ պայմաններ ստացավ։














