Պատմություն․ Թեմա 28․ Հայոց Մեծ Եղեռնը – Ցեղասպանություն

Պանթուրքիզմի ծրագրի իրականացմանը և «Մեծ Թուրանի» ստեղծ­մանը խոչընդոտում էր Հայաստանը։ Այդ «արգելքը» վերացնելու նպատակով և օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից՝ երիտթուր­քերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին ցեղասպանության վաղօրոք մշակ­ված հրեշավոր ծրագիրը: 

«Ցեղասպանություն» հասկացությունը

XX դարի սկզբին միջազգային իրավունքում «Ցեղասպանություն» հասկացությունը դեռևս չկար, օգտագործվում էին այլ անուններ՝ սպանդ, եղեռն, կոտորած։ «Ցեղասպանություն» տերմինը հաստատվել է միայն 1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով։ Ըստ այդ փաստաթղթի, ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

Այս գործողություններից են․
ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը,
բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը,
գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին
և այլն։

Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը

1910-1911 թթ․ Սալիկոնում ≪Միություն և առաջադիմություն≫ կուսակցության կողմից կայացած գաղտնի ժողովներում հաստատվել էր հայերի ոչնչացման երիտթուրքերի պետական ծրագիրը։ Այն ձգտում էր քրիստոնյաներին ոչնչացնել և ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել, որպեսզի իրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը։ Հայերը եւ Հայաստանը արգելք էին պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին: Հայությունը դարձավ այդ ծրագրի առաջին զոհը։ Հայոց ցեղասպանությունն ի կատար ածվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մյուս պետությունները զբաղված էին պատերազմով և չէին կարող միջամտել։

Հայության ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ 1914 թ․ հոկտեմբերին երիտթուրքերը կազմեցին Երեքի գործադիր կոմիտեն, որին հանձնարարված էր իրականացնել ցեղասպանությունը։

Մեծ եղեռնը

Այս կոմիտեի կարգադրությամբ 1915 թ․ գարնանը սկսվում է Մեծ եղեռնի իրագործումը երեք փուլերով։

Առաջին հերթին, արևմտահա­յությանը պաշտպանության հնարավորությունից զրկելու համար, զինաթափվեց և ոչնչացվեց օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց մեծ մասը։ Այնուհետև, զանազան միջոցներ բանեցնելով երիտթուրքական իշխանությունները առգրավեցին նաև հայերի զենքերը և զինամթերքը։

Օսմանյան կայսրության հաջորդ քայլը նշանավոր հայ մտավորականների և ղեկավարների ոչնչացնումն էր։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալեցին 600-ից ավելի հայ մտավորականներին, որոնց թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, պատգամավոր Վարդգեսը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Նրանք դաժանաբար սպանվում են, իսկ Կոմիտասը, չդիմանալով կատարվող վայրագություններին, խելագարվում է։

Երրորդ փուլով 1915 թ․ գարնանից սկսեցին արևմտահայ բնակչության համատարած զանգվածային տեղահանությունը և կոտորածները, որոնց զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Նրանց, ում չէին կոտորում տեղում, թուրքական իշխանությունները աքսորում էին Միջագետքի անապատային շրջանները։ Կոտորածներից փրկվածների գերակշիռ մեծամասնությունն էլ զոհվում է գաղթի ճանապարհին սովից, հիվանդություններից և թուրքական ու քրդական ավազակախմբերի հարձակումներից։

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք շրջաններում հայ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն տվեց բնակչության մի մասին փրկվելու։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանում, Մուշ­-Սասունում, Մուսա լեռան մոտ և այլուր։

Մեծ եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, և նաև այդ ժամանակ պատմության մեջ ամենախոշոր ցեղասպանությունը։ Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:

Արևմտահայության նկատմամբ իրագործված ցեղա­սպանությունը խստորեն դատապարտեցին ականատես օտարերկ­րացիները եւ համայն աշխարհի առաջադեմ գործիչները։

1915-1916 թթ․ ընթացքում հայությամբ նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբոջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։

Հայության պահանջն է մնում Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցումը։ Մինչև այսօր 33 երկիր ճանաչել է Մեծ եղեռնը, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։