Հայաստանը և Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
XX դարի սկզբին մեծ տերությունների միջև եղած արմատական հակասությունները հանգեցրին ընդհանուր պատերազմի։ Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ․ օգոստոսի 1-ի։ Այն ընթացավ երկու խոշոր խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ դաշինքի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա) միջև:
Առաջին աշխարհամարտի բաղկացուցիչ մասը կազմեց Կովկասյան ճակատը, որտեղ հերթական անգամ բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան: Ցարական Ռուսաստանը ձգտում էր նվաճել Արևմտյան Հայաստանը և հաստատվել Կոնստանդնուպոլսում՝ սևծովյան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում։ Օսմանյան Թուրքիան նպատակ ուներ տիրանալ հսկայական տարածքների Կովկասում և Իրանում, ինչպես նաև Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մուսուլման ժողովուրդներին թեքել ռուսների դեմ և ապագայում միավորել «Մեծ Թուրանի» մեջ։ Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, և պատերազմում Օսմանյան կայսրության հիմնական նպատակներից մեկը դարձավ նաև հայ ժողովրդի բնաջնջումը: Թուրքիան դարձավ Գերմանիայի դաշնակիցը իր այդ նպատակները առաջ տանելու հույսով։ Մյուս կողմից մեծ էին հայերի ակնկալիքները ռուսական հաղթանակից:
Կովկասյան ճակատը 1914–1917 թթ.
1914 թ․ Հոկտեմբերի 29-30-ը Գերմանական և թուրքական ռազմանավերը հարվածներ հասցրեցին Ռուսական սևծովյան նավահանգիստներին, որից անմիջապես հետո ռուսական կառավարությունը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Թուրքական բանակը Կովկասյան ճակատում կազմում էր 300 հազար մարդ։ Ռուսական զինուժը 200 հազար էր։
Սարիղամիշի ճակատամարտը Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունն էր, և տեղի ունեցավ 1914 թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թ․ հունվարի 18-ը։ Ճակատամարտից առաջ թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր էնվեր փաշան, գրավել էր մի քանի շրջաններ և Կարս-Սարիղամիշի հատվածում դուրս էր եկել ռուսական զորքերի թիկունքը։ Սարիղամիշում, ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների պայքարի շնորհիվ թուրքական բանակը ջախջախվեց, 90-հազարանոց զորախմբից կենդանի մնաց միայն 12 հազարը։ Ռուսական 60 հազարանոց զորախմբի մեկ երրորդը նույնպես զոհվեց։
1915թ. գարնանը, Սարիղամիշի հաղթանակից հետո ռուսական կովկասյան բանակը գրավեց Մանազկերտը, ինչպես նաև Վանը՝ օգնելով Վանի ինքնապաշտպանության համար կռիվ մղող տեղի հայկական ուժերին։ Ռուսական զորքերը հայկական կամավորական ուժերի հետ նաև հասան Բիթլիսի և Մուշի մատույցները, բայց չհաջողեցին գրավել դրանք։
1915 թ․ հուլիսին անսպասելիորեն ռուսական զորքերը նահանջում են Վանից։ Վանի հայկական իշխանությունը դադարում է, իսկ մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ կոտորածներից խուսափելու համար ստիպված են լինում գաղթել Արևելյան Հայաստան։ Այդ ընթացքում Բիթլիսի և Մուշի հայությունը կոտորվում է թուրքերի կողմից։
Օգոստոսի սկզբին ռուսական զորքերը կրկին նվաճում են նախկին դիրքերը։ 1915 թ․ վերջին ռուսական զորքերը անցնում են վճռական գործողությունների, և ձմռան դաժան պայմաններով 1916 թ․ գրավում Էրզրումը։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում ամենախոշոր հաղթանակն էր ռուսերի համար։
Մինչև 1917թ. ռուսական զորքերը գրավում են գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ։
1914–1916 թթ. հայ կամավորական շարժում. կամավորական ջոկատների ստեղծումը
Թուրքիան և Ռուսաստանը կարևորում էին պատերազմում հայերին ներգրավել իրենց կողմը, և հայ քաղաքական ղեկավարները փորձում էին որոշել, թե որ դիրքորոշումը պետք է ունենալ հայության անվտանգությունը ապահովելու համար։ Թե արևելահայության, թե արևմտահայության մեջ մեծ ոգևորություն էր տիրում և ռուսական հաղթանակը կասկած չէր հարուցում։ Գերիշխում էր այն տեսակետը, որ երբ ռուսական կովկասյան զորաբանակը գրավի Վանը, Էրզրումը և Բիթլիսը, ազատագրված արևմտահայերին կտրամադրվի ինքնավարություն։ Սա հաշվի առնելով, հայ քաղաքական ուժերը և կամավորները նախընտրեցին աջակցել ռուսական կողմին։
Ռուսական կայսրությունում բնակվում էին մոտ 2 միլիոն 54 հազար հայեր, որոնցից մոտ 200 հազարը զորակոչվեցին ռուսական բանակ։
Արևմտյան Հայաստանի ազատագրման գործում ռուսական բանակներին աջակցելու նպատակով Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն ձեռնամուխ եղավ հայ կամավորական ջոկատների կազմակերպմանը։ Ջոկատները ստեղծվում էին ապագա հայկական ինքնավարության համար պայքարելու նպատակով ստեղծվեցին։
Հայ կամավորները մարտի դաշտում
1914 թ․ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին չորս կամավորական ջոկատ՝ Անդրանիկի, Դրոյի, Համազասպի և Քեռու հրամանատարությամբ։ Ավելի ուշ ստեղծվեցին ևս 4 ջոկատներ։
8 ջոկատների կամավորների ընդհանուր թիվը 1916 թ. սկզբին հասավ 10 հազարի: Նրանց քաջությունն ու հերոսությունը բազմիցս նշել է Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը։
Ցարական իշխանություններն իրազեկ էին հայերի ինքնավարական և անկախական նպատակներին: Երկյուղելով, որ այդ ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, և 1916 թ․ ամռանը այդ ութ կամավորական ջոկատներից կազմվում են հայկական հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։




