Պարսկաստանի դեմ հաղթանակից հետո Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում ամրապնդվեց։ Սակայն ռուսական արքունիքը չբավարարվեց սրանով, և 1828–1829 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական նոր պատերազմ։
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
Այդ պատերազմի ամենախոշոր իրադարձությունը 1828 թ. հունիսին ռուսական բանակի կողմից Կարսի բերդի գրավումն էր։ Պատերազմի ընթացքում ռուսական զորքերը տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցան՝ գրավելով Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան, Արդահանը, Բայազետի ու Ալաշկերտի գավառները, Կարինը, Բաբերդը, Մուշը։ Այս պատերազմում նույնպես հայերը, կարծելով, թե Ռուսաստանը պետք է իրենց ազատի թուրքական լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին։
Ադրիանապոլսի պայմանագիրը
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1829թ․ սեպտեմբերի 2-ին Անդրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Սև ծովի արևելյան ափերը` Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում էին Ռուսաստանին։ Նաև ամրապնդվում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, սակայն նա Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանում գրաված տարածքները։
Արևմտահայերի վերաբնակեցումը
Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր վիճակ ստեղծեց։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերին։ Ադրիանուպոլսի պայմանագրւ համաձայն, հնարավորություն էր տրվում Թուրքիայի տիրապետության տակ ապրող հայերին վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում։
1829-1830 թթ. Արևմտյան Հայաստանից՝ Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից շուրջ 75 հազար հայեր գաղթեցին Ռուսաստանի տիրապետության սահմանները։ Կարինցիները բնակություն հաստատեցին Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակում և Թալինում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում։
Արևմտահայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ՝ Արևելյան Հայաստանում հայության թիվն աճեց, և այն կրկին վերածվեց հայահավաք կենտրոնի։ Սակայն միաժամանակ Արևմտահայաստանը կորցրին իրենց հայ բնակչության մի ստվար հատված: