Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն XVII դարի երկրորդ կեսին Հայաստանի ազատագրության համար պայքարը սկսել էր աշխուժանալ և թևակոխել վերելքի փուլ։ Դրա համար ստեղծվել էին ներքին և արտաքին նախադրյալներ։ Գնալով ավելի անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը և հայ առաջադեմ գործիչները օտար տիրապետությունից ազատագրվելու եղանակներ էին որոնում։ Այդ գործին հայ առաքելական եկեղեցուց բացի՝ սկսել էին ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևոր խավը։ Պարզ էր, որ սեփական ուժերով հնարավոր չի լինի ազատվել Օսմանյան Կայսրության և Իրանի նման վիթխարի պետությունների լծից, հետևաբար Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսի՝ Եվրոպայի ուժերի օգնության հետ։ Իրանի թուլացումը, և եվրոպական մի շարք երկրների պայքարը Օսմանյան կայսրության դեմ ազատագրման իրական հույս էին ներշնչում:
1677թ. Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողովը՝ Հայաստանի ազատագրության խնդրով։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսը պատվիրակությամբ մեկնեց Եվրոպա, բայց ճանապահին մահացավ, իսկ պատվիրակությունը վերադարձավ։

Պատվիրակության անդամներից Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիքի որդին էր, շարունակեց ճանապարհորդությունը և հասավ Գերմանիա։ Նա ցանկանում էր Հայաստանի ազատագրումը և այդ նպատակով դիմեց Գերմանական իշխան Հովհան Վիլհելմին օգնության համար, և ստացավ նրա խոստումը։
1699թ․ Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու առաջարկով և Սյունիքի մելիքների աջակցությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցության։ Այնտեղ որոշվեց լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայ մելիքները նամակ են ուղարկում Վիլհելմին, խոստանալով նրան ճանաչել Հայաստանի թագավոր, եթե նա զորք ուղարկի Հայաստանն ազատագրելու։
Վերադառնալով Եվրոպա, Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության «Պֆալցյան ծրագիրը»՝ բաղկացած 36 կետից։ Հովհան Վիլհելմը համաձայնում է ծրագրին։ Օրին փորձում է ստանալ ռազմական օգնություն այլ եվրոպական երկրներից, սակայն նրանք իսկապես շահագրգռված չէին Հայաստանի ազատագրությամբ և հրաժարվում են զորք տրամադրել։
Այդ ժամանակ Իսրայել Օրին 1701 թ. տեղափոխվում է Ռուսաստան և դիմում երիտասարդ Պետրոս (Պյոտր) Առաջին ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս Առաջինը հուսադրում է Օրուն, որ Շվեդիայի հետ պատերազմից հետո կզբաղվի նաև Հայաստանի հարցով։

Պետրոս Առաջինի հանձնարարությամբ Օրին 1709թ. ճանապարհորդում է Պարսկաստան՝ ծանոթանալու իրավիճակին։ Կասկած չհարուցելու նպատակով նա մեկնում է որպես Հռոմի պապի դեսպան։ Որոշ ժամանակ մնալով Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և իր դիվանագիտական առաքելության մեջ չհասնելով հաջողության, Օրին վերադառնում է Ռուսաստան։
Ռուսաստան վերադառնալու ճանապարհին 1711թ. Իսրայել Օրին մահանում է և դրանով ավարտվում է նրա առաքելությունը։
Իսրայել Օրին կարևոր դեր խաղաց 17-18-րդ դարերի հայ ազատագրական շարժման զարթոնքի գործում։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց քաղաքական բանակցությունների հողի վրա։