X–XIV դդ. հայ մշակույթն աննախադեպ վերելք ապրեց: Հայոց պետականության վերականգնումը և տնտեսության աճը բարենպաստ նախադրյալներ ստեղծեցին այդ զարգացման համար: Զարգացան կրթական գործը, պատմագրությունը, իրավագիտությունը, բնագիտությունը, փիլիսոփայությունը, գեղարվեստական գրականությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը, որմնանկարչությունը, քանդակագործությունը, խաչքարագործությունը, ճարտարապետությունը:
Կրթական համակարգը
Պետության, ազնվականության և եկեղեցու ջանքերով սկսեց զարգանալ կրթական գործը:
Նախորդ ժամանակաշրջանից հայտնի կրթության կազմակերպման «յոթ ազատ արվեստների» համակարգը նոր զարգացման հասավ: Այն ներառում էր քերականությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, թվաբանությունը, երկրաչափությունը և երաժշտությունը, աստղագիտությունը:
X–XIV դդ. կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներից: Տարրական դպրոցներ էին հիմվել քաղաքներում, վանքերում և խոշոր գյուղերում, դրանք հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։
Առաջացան նաև բարձրագույն տիպի դպրոցներ կամ վարդապետարաններ, որտեղ ուսումը տևում էր 7–8 տարի: Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները; Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր; Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին; Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը, որն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։
Հայ մշակույթի զարգացման մեջ շատ կարևոր դեր են խաղացել երկու համալսարաններ՝ 1280–ական թթ. հիմնված Գլաձորի համալսարանը, ինչպես նաև Տաթևի համալսարանը, որի ուսումնագիտական աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Տաթևացին:

Կրթության զարգացումը հիմք դարձավ նաև գիտության զարգացման համար: Ծաղկում ապրեցին պատմագրությունը, իրավագիտությունը, բժշկագիտությունը և այլն: Հայտնի է իրավագետ Մխիթար Գոշը, ով գրել է առաջին հայկական օրենսգիրքը, նշանավոր բժիշկ Մխիթար Հերացին և այլն։
Պատմագրությունը
Բագրատունյան Հայաստանի վերելքը նպաստավոր պայմաններ ստեղծեց պատմագրության զարգացման համար։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը: Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրական հերթականության:
Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական–քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Նա իր «Պատմություն Հայոց» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի ավանդությունից, հասնելով իր ապրած ժամանակաշրջանը: Սմբատ I-ի և Աշոտ Երկաթի ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրում է մանրամասն՝ որպես դեպքերի մեծ մասի ականատես, իսկ որոշ դեպքերում՝ նաև մասնակից:
Հայտնի պատմիչներից են.
- Արիստակես Լաստիվերցին (նկարագրել է XI դարի իրադարձությունները՝ հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները);
- Կիրակոս Գանձակեցին (ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265 թ, մանրամասն ներկայացնում է հայ-վրացական հարաբերությունները, Կիլիկյան Հայաստանի իրադարձությունները, հայ-մոնղոլական առնչությունները);
- Թովմա Արծրունին (աշխատությունը նվիրված է Վասպուրական նահանգի ու Արծրունիների տոհմի պատմությանը):
XIII դ. նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, Սմբատ Գունդստաբլը: Իր աշխատությունում նա համառոտ շարադրում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները, իսկ առավել մանրամասն՝ Կիլիկյան Հայաստանի պատմության դեպքերը և երևույթները:
X–XIV դդ. հայ պատմիչների և ժամանակագիրների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն հայ ժողովրդի, այլև Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար:
Գրականություն և արվեստ

X-XIV դարերի հայ գրականությունը հարստացավ «Սասնա ծռեր» անմահ էպոսով, Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի մեծարժեք ստեղծագործություններով: Առաջացավ գրականության նոր ճյուղ` առակագրությունը (Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ):

X-XIV դարերում ճարտարապետական հիասքանչ կոթողներ էին ստեղծվել Անիում, Սանահինում, Հաղպատում, Աղթամարում, Վաղարշապատում (Զվարթնոցի տաճար) և այլուր: Զարգացավ նաև քաղաքաշինությունը: Հայտնի ճարտարապետներ էին Մանվելը և Տրդատը:

Ճարտարապետության հետ զարգացան որմանկարչությունը և քանդակագործությունը: Մանրանկարչությունը բարձր զարգացման հասավ հատկապես Կիլիկյան Հայաստանում (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ):

Միջնադարյան Հայաստանում երգերն ու մեղեդիները գրի էին առնվում հատուկ նշանագրերի` խազերի միջոցով, որոնք այժմյան նոտաների նախաձևերն էին: