Պատմություն. Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին  և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Հայոց թագավորության վերելքի սկիզբը

Արաբների դեմ տարած հաղթանակով X դ. առաջին քառորդին վերջնականապես ամրապնդվեց Հայաստանի անկախությունը, ինչը երկրի հետագա բարգավաճման պայմաններ ստեղծեց: Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած երկիրը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության մի ժամանակաշրջան։

Անժառանգ Աշոտ Երկաթին փոխարինեց նրա կրտսեր եղբայրը, Կարսի կառավարիչ Աբասը (928–953)։ Նա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս: Կարճ ժամանակում այն կառուցապատվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից։ Աբասը հայ եկեղեցու կենտրոնաձիգ ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948 թ. Աղթամարից տեղափոխեց Կարս։ Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր։ 

Աբասին փոխարինեց որդին՝ Աշոտ III-ը (953– 977)։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ 

961թ. Աշոտ III-ի օրոք Անին հռչակվեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքի հիմումը խորհրդանշում էր Բագրատունյաց թագավորության հզորացումը:

Հայոց թագուհի Խոսրովանույշի նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը ։ 

Թագավորության հզորացումը Գագիկ I–ի օրոք 

Բագրատունյաց թագավորությունը իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի թագավորության օրոք (990–1020)։ 

Գագիկը կրում էր «շահնշահ Հայոց», «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները։ Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր մասերում ու անդրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին։ X դ. ընթացքում առանձին թագավորություններ էին հիմնվել Վասպուրականում, Կարսում‚ Լոռիում և Սյունիքում։ Բագրատունիների կենտրոնական թագավորության կազմում մնացել էր Անին՝ շրջակա գավառներով։ Գագիկը կարողացավ նրանց բոլորին ստիպել ընդունել իր գերիշխանությունը։

Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս հոյակերտ տաճարների հեղինակը հռչակավոր ճարտարապետ Տրդատն էր։

Անիի Կաթողիկե եկեղեցին

Գագիկ I­-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը։ Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին։ Նրա ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցն ու եկեղեցին, Ամբերդը Արագածում։

Ամբերդ ամրոցը

Բագրատունյաց Հայաստանն ունեցավ տնտեսական և մշակութային մեծ ձեռքբերումներ: Հայաստանը քաղաքական և տնտեսական մեծ վերելք ապրեց, այն ժամանակի միջազգային առևտրի կարևոր կետ էր։ Բուռն զարգացում էին ապրում քաղաքները՝ Անին ժամանակի կարևոր քաղաքներից։

Անիի թագավորության անկումը

Հայաստանում տնտեսական զարգացման հետևանքով առանձին իշխանություններում տնտեսական և ռազմական կարողությունների մեծացումը‚ ինչպես նաև օտար պետությունների միջամտությունն ուժեղացրին անջատողական ձգտումերը երկրում։

Գագիկի մահվանից հետո համառ պայքար սկսվեց Անիի թագավորության պահպանման համար, որը 1021թ. բաժանվեց երկու մասի‚ իսկ 1045թ. բյուզանդամետ ուժերի աջակցությամբ գրավվեց Բյուզանդիայի կողմից։

Ընկավ Բագրատունիների կենտրոնական թագավորությունը։ Թուլացած երկիրն անկարող էր դիմակայել արևելքից արշավող թուրք-սելջուկների ավերածություններին և կոտորածներին։ Պետության կորստի և քաղաքական անբարենպաստ իրադրության հետևանքով բնակչության հոծ զանգվածներ արտագաղթեցին դեպի հարևան և հեռավոր երկրներ:

Պատմական Հայաստանի տարածքում հայոց պետականությունը կվերականգնվի միայն 9 դար անց՝ 1918թ.։