Սմբատ I-ի պայքարը պետականության պահպանման համար
Դեռևս Աշոտ I-ի օրոք ստեղծված Հայոց տերությունն ավելի է ընդարձակվում և հզորանում նրա որդի Սմբատ I-ի օրոք (թագավորել է 890-914թթ։), որն ընդունում է «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը։
Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Տավրոսի լեռները։ 892 թ. Սմբատ I–ն օգնեց վրացիներին և Վրաստանից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրներսեհը դարձավ Վրաստանի թագավոր։
Հայոց տերության ուժեղացումը մեծապես հարվածում էր Արաբական խալիֆայությանը, ուստի Հայաստանը պարբերաբար ենթարկվում է արաբների արշավանքներին, որոնք նպատակ ունեին վերականգնել իրենց տիրապետությունը երկրում։ Տեսնելով, որ ռազմական ուժով չեն կարողանում հասնել հաջողության, արաբ ամիրա Յուսուֆը որոշում է խորամանկությամբ միմյանց դեմ հանել հայ իշխաններին։ Նա Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն ճանաչում է որպես Հայոց թագավոր և նրա հետ միասին արշավում Հայաստան։ Յուսուֆը գերի է վերցնում Սմբատ I-ին, ապա խաչում նրա մարմինը Դվին քաղաքի դարպասներին։ Երկրի վրա կախվեց պետականությունը կորցնելու լուրջ վտանգ։
Արաբների դեմ պայքարի հաղթական ավարտը։ Աշոտ Երկաթ
Հայ ժողովրդի պայքարն արաբ զավթիչների դեմ շարունակում է ղեկավարել Սմբատի որդի Աշոտ II-ը , որին խիզախության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (թագավորել է 914– 928)։ Աշոտ Երկաթը կարողացավ ոչնչացնել երկրում գտնվող արաբական զորագնդերը։
921 թ. Աշոտ Երկաթը փայլուն հաղթանակ տարավ արաբական զորքերի հանդեպ Սևանա կղզու ճակատամատում։ Նա հրամայեց հայ զինվորներին նավակներով մոտենալ ափին իբր պատրաստվում են հանձնվել, սակայն դեռ ափ չհասած՝ նրանք հանեցին իրենց թաքցրած նետ ու աղեղները և նետահարեցին հանկարծակիի եկած արաբներին։ Սևանից նահանջող արաբները Գառնիի մոտ նոր պարտություն կրեցին զորավար Գևորգ Մարզպետունու փոքրաթիվ ջոկատից։ Այդ դեպքերը նկարագրված են Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում։
Երկու ծանր պարտությունից հետո 922 թ. Բաղդադի խալիֆը Աշոտին ճանաչեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից։ Այդ տիտղոսը Բագրատունիները կրեցին մինչև իրենց թագավորության անկումը։ Արաբները մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից։
Կենտրոնական Հայաստանի տարածքն արաբներից մաքրելուց հետո Աշոտն ու նրա եղբայր Աբասն իրենց զորքով մտան Վրաստան և հաղթանակ տարան Թիֆլիսի արաբ ամիրայի նկատմամբ։ Այս գործողությամբ ավելի ամրապնդվեց հայ և վրաց Բագրատունիների քաղաքական դաշինքը։
Աշոտ Երկաթի գահակալության արդյունքում ամրապնդվում է երկրի անկախությունը, և վերականգնվում է Հայոց տերությունը։ Երկրում սկսվում է խաղաղ շինարարական ժամանակաշրջան։