VIII դարի սկզբին Հայաստանն անցել էր արաբական տիրապետության տակ։ Շուրջ մեկ ու կես հայ ժողովուրդը ազատագրական պայքար էր մղում արաբական տիրապետության դեմ և IX դարի կեսերին այն տվեց ցանկալի արդյունք։ Այդ գործը հաջողությամբ իրականացրեց Աշոտ I Բագրատունին, որի հմուտ ղեկավարությամբ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն:
Հայոց պետականության վերականգնման գործընթացը։
IX դարի կեսերին Արաբական խալիֆայությունը թուլացել էր։ Հայաստանի տնտեսական զարգացումը և մի շարք իշխանական տների, առաջին հերթին՝ Բագրատունիների ուժեղացումը Հայաստանում պետական անկախության և Հայոց թագավորության վերականգնման համար ստեղծել էին քաղաքական անհրաժեշտ պայմաններ: Այդ գործում նպաստավոր էր նաև նշանակալիորեն ուժեղացած Բյուզանդական կայսրության աջակցությունը, որի հայազգի կայսր Վասիլը օգնում էր Հայաստանի անկախանալուն Արաբական խալիֆայությունից։
855 թ. արաբները, համոզվելով, որ անհնարին է բռնի ճանապարհով հնազանդեցնել հայերին, այնտեղ կառավարիչ նշանակեցին Աշոտ Բագրատունուն։ Յոթ տարի անց 862 թ. խալիֆը նոր զիջում կատարեց՝ Աշոտ Բագրատունուն տվեց իշխանաց իշխան տիտղոսը։ Շուտով Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն հայ նախարարական տների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա։ Աշոտը վերակազմեց բանակը, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ։ Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը։ Արաբական տիրապետությունը միայն ձևական էր։
Թագավորության հռչակումը։ Աշոտ I։
869 թ. հայոց եկեղեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն թագավոր հռչակել և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն խալիֆը շարունակեց ձգձգել և որոշեց Հայաստան ուղարկել նոր ոստիկանի, որը պետք է ոչնչացներ հայ իշխաններին։ Աշոտը, տեղեկանալով այդ մասին, ձերբակալում է և երկրից դուրս է քշում արաբ կառավարչին։
Վերջին դեպքերն արաբներին ստիպում են փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885 թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ 885 թ. օգոստոսի 26–ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին մեծ հանդիսավորությամբ օծվում է Հայաստանի թագավոր՝ Աշոտ I անունով (885–890 թթ.)։
Այսպիսով՝ դեռևս 855 թ. ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ միայն 885 թ.։ Արշակունիներից հետո ավելի քան 450 տարի անց Բագրատունիների գլխավորությամբ Հայաստանը վերականգնեց իր թագավորությունը։ Աշոտ Բագրատունին իր իշխանության ներքո միավորեց ոչ միայն Հայաստանի, այլև այսրկովկասյան երկրների մեծ մասը։
