1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև Ռուսական կայսրության ազգային փոքրամասնությունների ճակատագրի վրա:
Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին մի շարք հայկական տարածքներ։ Հայաստանի մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ–թուրքական բախման:
Այդ պայմաններում ինքնապաշտպանության նպատակով ստեղծվեցին հայկական ազգային զորամիավորումներ։ Այդ զորամիավորումները կազմակերպելու համար հրավիրվեցին ռուսական բանակի հայազգի գեներալներ և սպաներ։
Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
1918 թ․ գարնանը թուրքերը 50 հազարանոց զորք էր հավաքել և ծրագրել էր նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը և հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։
Օսմանյան Թուրքիայի հետեւողական պնդմամբ` հայտարարվեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Թբիլիսիում ստեղծված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը թեպետ ներկայանում էր որպես երեք ժողովուրդների պետություն, սակայն վրացիները և կովկասյան թաթարները (այդպես էին կոչում ադրբեջանցիներին) չէին ցանկանում հայերին օգնել պաշտպանության գործում։ Նրանք հայերի հաշվին զիջումներ էր անում թուրքերի հետ համաձայնութան գալու նպատակով։ Արդյունքում` 1918 թ․ ապրիլին Կարսն առանց դիմադրություն հանձնվեց թուրքերին։
Թուրքիան ստացավ գործողությունների լիակատար ազատություն։ Կարճ ժամանակում հակառակորդը նվաճեց ոչ միայն Կարսը, այլև Ալեքսանդրապոլը (Գյումրի) և մայիսի կեսերին մոտեցավ Երևանին։
Այսպես՝ ռուս-թուրքական պատերազմը ամիսների ընթացում վերաճեց թուրք-անդրկովկասյանի, ապա թուրք-հայկականի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերը

Ալեքսանդրապոլսի գրավումից հետո զորքերը մտան Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեցին դեպի Երևան։ Ներխուժած թուրքական զորքերի հաջողության դեպքում հայությանը սպառնում էր բնաջնջում։ Հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ ժողովուրդը։ Երևանի նահանգի դիկտատոր հայտարարված Արամ Մանուկյանը մեծ ներդրում ունեցավ հաղթանակի մեջ։

Արամ Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյացին հորդորեց հեռանալ Բյուրական, սակայն Գևորգ Ե-ն մնաց Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ Մայիսի 19-ին թուրքերի առաջխաղացումը սկսվեց։ Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը կազմած էր մոտ 10 հազար մարտիկից, որոնցից 5500-ը կռվեցին Սարդարապատի ուղղությամբ կռվեցին։ Այդ նույն ուղղության վրա թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ Մայիսի 22-ից մինչև 28-ը թշնամին կրեց 3500 զոհ և նահանջեց մոտ 60 կմ։ Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան, որի նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը։ Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը իր զորախմբից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարան և հրամանատար նշանակեց Դրոյին։ Այդ զորքերը եզդիների ջոկատի հետ մինչև մայիսի 29-ը քաջաբար կռվեցին թուրքերի դեմ և ի վերջո պարտության մատնեցին ներխուժած թուրքական զորքին։
Ղարաքիլիսայի հերոսամարտը
Ալեքսանդրապոլսի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան։ Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, թուրքերի դեմ երեք հարձակում մղեց։ Դիլիջանում Սարդարապատի առաջին հաղթանակի լուրից ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվեցին։ Մայիսի 25-ին կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը 10 հազար։
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով։ Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում
նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Այս պատերազմի ընթացքում թուրքիան մեծ կորուստներ ունեցավ, և Ղարաքիլիսայի գրավումից հետո որոշեց դեպի Դիլիջան-Ղազախ ուղղությամբ հարձակումը չշարունակել։
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը փրկվեց բնաջնջումից, և հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքիան ստիպված Բաթումի բանակցությունների պահանջները մեղմացրեց և 1918 թ․ հունիսի 4-ին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ հաշտության պայմանագիր կնքեց։
Նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին Աշխարհամարտի մասնակից կողմ, և հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
















