Պատմություն. Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Հայոց թագավորությունը «անցումային» շրջանում

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորությունում Հռոմի օգնությամբ սկսեցին գահակալել օտարազգի դրածո թագավորները։ Նրանք, որպես կանոն, զոհ էին դառնում հայոց ավագանու վրեժխնդրությանը: Այս ամենը հայերին ստիպեց հակա-հռոմեական պայքարում դաշնակցել պարթևների հետ:

Արշակունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում

Հայերի համաձայնությամբ պարթևական թագավոր Վաղարշ I Արշակունին Հայոց գահ բարձրացրեց իր կրտսեր եղբայր Տրդատ I Արշակունուն: Դա հանգեցրեց տասնամյա պատերազմի մի կողմից Հռոմի և մյուս կողմից՝ Մեծ Հայքի ու Պարթևստանի միջև։ 

Հռանդեայի ճակատամարտում հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին, և Հռոմը համաձայնեց ճանաչել Տրդատ I-ին որպես Հայոց թագավոր՝ պայմանով, որ Տրդատ I-ը Հայոց թագը ստանա Հռոմում՝ Ներոն կայսեր ձեռքից: Մեծաթիվ հայ եւ պարթև ուղեկիցներով  Տրդատը ուղեւորվեց Հռոմ, որտեղ էլ հանդիսավորությամբ թագադրվեց, և 66 թվականից Հայաստանում ճանաչվեց Արշակունյաց արքայատոհմի իշխանությունը: Վերադառնալով՝ Տրդատ I-ըվերականգնեց ավերված Արտաշատը և կառուցեց Գառնիի հեթանոսական տաճարը: Հայաստանում Արտաշեսյանների օրոք հայկական աավանդույթներն այնքան խորը արմատներ էին ձգել, որ պարթևազգի իշխողները, սկսած Տրդատ I-ից, բռնում էին հայացման ճանապարհը։

Մեծ Հայքը 2-3-րդ դարերում

II դարի 60-ական թվականներին Հայոց թագավորության մայրաքաղաք դարձավ Վաղարշապատը, իսկ մի քանի տասնամյակ անց թուլացող Հռոմը ճանաչեց հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը:

«Ժամանակ անիշխանության»

226թ. Պարսկաստանում իշխանության գլուխ եկան Սասանյանները, որոնք կամենում էին վերականգնել Աքեմենյանների պետությունը և Մեծ Հայքում վերացնել հայ Արշակունիների իշխանությունը: Մեծ Հայքի թագավորությունը Խոսրով I արքայի գլխավորությամբ երկարատև ու համառ պայքար մղեց Սասանյանների դեմ՝ Պարսկաստանում պարթև Արշակունիների իշխանությունը վերականգնելու համար: Սակայն Խոսրովը սպանվեց Սասանյանների գործակալ Անակ իշխանի կողմից: Մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցրեցին Հռոմ: Մեծ Հայքում իշխանության եկան Սասանյանների ներկայացուցիչները, որոնց իշխանությունը շարունակվեց շուրջ կես դար:

Տրդատ III-ի գահակալությունը

Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և Պարթևական թագավորության անկումը աստիճանաբար մերձեցրին Հայաստանին և Հռոմին:

287թ. Տրդատ III-ը, ով փայլուն կրթություն էր ստացել Հռոմում և մեծ ծառայություններ մատուցել կայսրին, Մեծ Հայքի արևմտյան մասում հռչակվեց Հայոց թագավոր: Նրան գահ բարձրացրեց Դիոկղետիանոս կայսրը:

Պարսկաստանի արքայից արքա Ներսեհը փորձեց հակահարված տալ հռոմեացիներին, սակայն 297թ. ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ 298թ. կնքել Մծբինի 40-ամյա հաշտությունը: Պարսկաստանը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը, իսկ Տրդատ III-ին էլ՝ Հայոց թագավոր։ Տրդատը թագավորեց մինչև 330թթ.: Մեծ Հայքի թագավորության համար սկսվեց խաղաղ զարգացման մի երկարատև շրջան: Տրդատի օրոք երկիրը ընդունեց նաև քրիստոնեություն։