Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած և կրթված անձնավորություն էր: Նա «գրում էր ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Հայոց թագավորությունը իր դիրքերը զիջել էր Պարթևստանին: Բացի այդ` Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևստանի միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Դիվանագիտությամբ Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, հնարավորինս չներքաշվել պատերազմի մեջ, պահպանել Մեծ Հայքի թագավորության՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության ուժը, տարածքները և անկախությունը:
Կրասոսի արշավանքը
Ք. ա. 54թ. Արևելք ժամանեց հռոմեական զորավար Կրասոսը՝ նպատակ ունենալով գրավել Պարթևստանը։ Նա պահանջեց, որպեսզի Հայաստանը, համաձայն Արտաշատի պայմանագրի, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», տրամադրի օգնական զորքեր։ Սակայն Կրասոսը հրաժարվեց արշավել Հայաստանի տարածքով, իսկ Արտավազդը չկարողացավ զորքեր ուղարկել, քանի որ պետք է Հայաստանը պաշտպաներ պարթևական հարձակումից։
Գժտվելով Կրասոսի հետ, Արտավազդը Պարթևստանի Օրոդես թագավորին առաջարկեց դաշինք կնքել։
Ք.ա. 53թ. Պարթևստան արշավանքի ժամանակ հռոմեական զորքը ջախջախվեց պարթևական Սուրեն զորավարի առաջնորդած զորքի կողմից, սպանվեց Կրասոսը։
Անտոնիոսի արշավանքը
Ք.ա. 36թ. դեպի Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, որը ծրագրում էր վրեժխնդիր լինել և նվաճել Պարթևստանը։ Հայ-պարթևական հարաբերությունները խզվել էին, քանի որ Պարթևստանում գահակալական պայքար էր սկսվել։
Անտոնիոսը նույնպես պահանջեց Հայաստանից զորք՝ համաձայն Արտաշատի պայմանագրի։ Նա համաձայնեց Արտավազդի պահանջի հետ՝ արշավել Հայաստանի տարածքով։ Սակայն Անտոնիոսը այդ պատերազմում խայտառակ պարտություն կրեց և դրա համար մեղադրեց Արտավազդին։
Ք.ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան։ Հայոց արքան և իր ընտանիքը խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։
Անտոնիոսը պահանջեց, որպեսզի Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեին Անտոնիոսի կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի առջև՝ խոստանալով ազատություն, սակայն Հայոց արքան և նրա ընտանիքը արհամահեցին Անտոնիոսին։ Արտավազդը և նրա կինը բանտարկվեցին, ապա մահապատժի ենթարկվեցին։
Արտաշեսյան վերջին գահակալները
Արտավազդ II-ի ձերբակալությունից հետո Մեծ Հայքի թագավորությունը Հռոմի և Պարթևական թագավորության միջև վերածվեց կռվախնձորի: Արտավազդ II-ի որդուն՝ Արտաշես II-ին հաջողվեց մեկ տասնամյակով վերականգնել երկրի անկախությունը, սակայն նրա առեղծվածային սպանությունից հետո թագավորական իշխանությունը գնալով թուլացավ:
Հռոմեացիները Հայոց գահին բազմեցնում էին Արտաշեսյան ծագումով թագավորների, որոնք, սակայն, ի վիճակի չէին ինքնուրույն քաղաքականություն վարելու: Թագավորության թուլացմանը նպաստեց նաև Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղի սպառվելը: 11 թվականին ավարտվում է Արտաշեսյան դինաստիայի կառավարումը Հայաստանում։