Պատմություն. Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը 

Հայ-հռոմեական պատերազմը

Հայոց տերության հզորացումը և անընդհատ կրկնվող հռոմեա-պոնտական պատերազմները մեծապես սպառնում էին Արևելքում հռոմեական տիրապետությանը: 

Ուստի Պոնտոսի և Հայաստանի դեմ ուղարկվեց Լուկուլլոս զորավարը: Ք. ա. 69թ. նա ներխուժեց Հայաստան և սկզբում հասավ զգալի հաջողությունների: Տիգրանակերտի մատույցներում Տիգրանին հաղթելով` նա գրավեց մայրաքաղաքը: Սակայն վերակառուցված և լավ վարժեցված հայկական բանակը Ք. ա. 68թ. Արածանիի ճակատամարտում ջախջախեց Լուկուլլոսի գլխավորած բանակը: Տիգրանը դուրս քշեց հռոմեացիներին երկրից և ձեռնամուխ եղավ իր տերության հզորության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը:

Հռոմի հեղինակությունն էապես խախտվեց: Լուկուլլոսը հետ կանչվեց, մեծ բանակով Հայաստանի ու Պոնտոսի դեմ ուղարկվեց նշանավոր Պոմպեոս զորավարը: Հայտնվելով քաղաքական ու ռազմական բարդ իրադրության մեջ և հռոմեա-պարթևական դաշինքի իրական վտանգի առաջ՝ Տիգրան Մեծը որոշեց հաշտություն կնքել Հռոմի հետ:

Արտաշատի պայմանագիրը

Ք. ա. 66թ. Արտաշատում կնքված պայմանագրով Տիգրան Մեծը Հռոմին զիջեց Եփրատ գետից արևմուտք իր նվաճումները և Պարթևստանին վերադարձրեց նրանից գրաված տարածքները։ Սակայն նա պահպանեց բուն հայկական բոլոր հողերը, երկրի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը համարվեց «Հռոմի դաշնակից և բարեկամ»։

Տիգրան Մեծը թագավորեց մինչև Ք.ա. 55 թվականը։ Նրա թագավորության վերջին տասնամյակը խաղաղության և բարեկեցության ժամանակաշրջան էր։