Տերության տարածքը և բնակչությունը
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որի սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Տիգրան II-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:
Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը։ Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի Բիբլոս, Բեյրութ, Սիդոն և Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։
Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի նշանակած փոխարքաները կամ կուսակալները:
Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն. քառ. կմ, իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն. քառ. կմ։

Տիգրանակերտի կառուցումը
Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն:
Նոր մայրաքաղաքը հիմնադրվեց Աղձնիք նահանգում, կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան:
Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր։
Նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում, այդ թվում` Արցախում:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին:
Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»: Տիգրան Մեծի կերպարը ներշնչել է աշխարհահռչակ բազմաթիվ երգահանների (Վիվալդի, Պուչինի, Հենդել և ուրիշներ), որոնք օպերային ստեղծագործություններ են նվիրել Հայոց թագավորին:
Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»: