Ք.ա. I դարի առաջին կեսը հայոց պատմության ամենափառապանծ շրջանն է։ Ք. ա. 95թ. Մեծ Հայքում գահ է բարձրանում Արտաշես I-ի թոռը Տիգրան II-ը՝ ապագա Տիգրան Մեծը, որի ստեղծած աշխարհակալ պետությունը խոր հետք է թողել Հին աշխարհի պատմության մեջ։
Տիգրան II-ի գահակալումը
Տիգրան II-ը գահ է բարձրացել 45 տարեկանում , և մինչ այդ շուրջ 20 տարի մնացել էր պատանդության մեջ Պարթևստանում: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:
Ծոփքի վերամիավորումը
Տիգրանը շարունակեց Արտաշես I-ի անավարտ թողած գործը և, Ծոփքի թագավորությունը Մեծ Հայքին միացնելով, իր իշխանության տակ վերցրեց հայկական հողերի մեծագույն մասը: Նրա իշխանությունից դուրս մնաց միայն Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսին:
Հայ-պոնտական դաշինքը
Պոնտոսը Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը, որը հետևողական պայքար է մղել Հռոմի դեմ՝ ընդարձակ և հզոր պետություն ստեղծելու նպատակով:
Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ամուր թիկունք և Տիգրանը գահակալության երկրորդ տարում դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ՝ նաև կնության առնելով նրա աղջկան։
Հայ-պարթևական պատերազմը
Ապահովելով թիկունքը՝ Տիգրան Մեծը սկսեց արտաքին ակտիվ քաղաքականություն ծավալել։ Շուտով նա, օգտվելով Պարթևստանի թագավորի մահվան հետևանքով իշխանության թուլացումից, հարձակվեց և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները», այնուհետև հայկական գերիշխանությունը հաստատեց Պարթևստանի հանդեպ, ընդունելով «արքայից արքա» տիտղոսը և իր տերության հարավային սահմանը հասցրեց Պարսից ծոց։
Սելևկյան պետության միացումը
Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրանը դարձավ իր ժամանակի խոշոր տիրակալներից մեկը։ Այդ ժամանակ Սելևկյան երբեմնի հզոր պետությունը թուլացել էր և Սելևկյան ավագանին և ժողովուրդը հրավիրեց Տիգրանին իշխելու և կարգուկանոն գցելու իրենց երկրում։ Ք.ա. 83թ. Տիգրանը Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքում բարձրացավ գահին և իշխեց այնտեղ 17 տարի։
Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը
Տիգրան Մեծը շուտով իր իշխանությունը հաստատեց նաև Միջերկրական ծովի արևելյան ափին՝ Փյունիկիայում (այժմյան Լիբանանը), Հրեաստանում (այժմյան Իսրայելը) և Նաբաթեայում (այժմյան Հորդանանը)։
Տիգրան Մեծի տերության սահմանները
Ընդամենը քառորդ դարում հմուտ ռազմական և դիվանագիտական քաղաքականությամբ Տիգրանը կարողացավ ստեղծել հզոր աշխարհակալ տերություն, որի սահմանները Եգիպտոսից և Կարմիր ծովից ձգվում էին մինչև Կովկասյան լեռներ, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Իր աշխարհակալ տերությունը նա կառավարում էր արքունի կառավարիչների և տեղական ենթակա թագավորների միջոցով:
