


Ք.ա. 190թ. Հռոմը ծանր պարտության մատնեց Սելևկյան տերությանը Մագնեսիայի ճակատամարտում։ Օգտագործելով Սելևկյան տերության թուլացումը՝ հայազգի Արտաշեսն ու Զարեհը, որոնք Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներն էին, իրենց անկախ հռչակեցին՝ վերականգնելով հայկական թագավորությունները:
Արտաշես I-ը հիմք դրեց Արտաշեսյանների արքայատոհմին, որը թագավորեց Մեծ Հայքում գրեթե 190 տարի (Ք. ա. 189 1թթ.): Արտաշես I-ը միավորեց հայկական հողերի մեծ մասը և վերականգնեց Մեծ Հայքի կենտրոնաձիգ թագավորությունը: Նրա թագավորությունը ծավալվում էր Կասպից ծովից մինչև Կարին։
Արտաշես I-ը ամրապնդեց Հայոց թագավորությունը, բարձրացրեց նրա հեղինակությունը։Պետությունը հզորացնելու նպատակով նա անցկացրեց վարչական, ռազմական, ագրարային եւ այլ բարեփոխումներ, որոնք մեծ նշանակություն ունեցան Հայաստանի հետագա վերելքի ու բարգավաճման համար:
Արտաշես I-ը Այրարատյան դաշտում հիմնադրեց թագավորության նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչեց Արտաշատ: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, և ունեցել է անառիկ դիրք, որի համար հռոմեացիները քաղաքն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:

Կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Մասնավոր հողատերերը տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնքային հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցրին, որով փորձ արվեց պաշտպանելու համայնքի իրավունքները:
Արտաշես I-ը նաև կանոնակարգեց բանակը, երկրի վարչական բաժանումը ժամանակի ամենաառաջավոր մեթոդներով։ Նա կառավարեց 29 տարի և թողեց հարուստ, հզոր և բարգավաճ երկիր։ Նա անջնջելի հետք է թողել Հայոց պատմության մեջ, որի համար հիշվում է Աշխարհակալ և Բարի տիտղոսներով։