Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում սկզբնավորվեց երկրորդ համահայկական պետությունը, որը հայտնի է Հայկազուն Երվանդունիների թագավորություն անունով։
Երբ Վանի թագավորությունը խիստ թուլացավ, նրա փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու կամ, ինչպես անվանում է Մովսես Խորենացին, Պարույր Նահապետի թագավորությունը: Նա դաշինք է կնքում Մարաստանի և Բաբելոնիայի դեմ ընդդեմ Ասորեստանի ու Ք.ա. 612թ. մասնակցում է մայրաքաղաք Նինվեի գրավմանը, ինչը կործանարար է դառնում Ասորեստանի համար։ Այդ մասնակցության համար նա թագադրվում է որպես Հայաստանի թագավոր։
Պարույրից հետո գահ է բարձրանում Երվանդ I Սակավակյացը, որի անունով թագավորական դինաստիան կոչվում է Երվանդունիների։ Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները շուտով իրենց իշխանության տակ միավորեցին ավելի շատ, քան Հայկական լեռնաշխարհի տարածքն էր՝ Սև ծովից մինչև Մարաստան։ Սրանց օրոք էլ ավարտվեց հայ ժողովրդի կազմավորումը:
Երվանդ I թագավորի զորքը կազմում էր 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ։
Հաջորդ թագավորը՝ Երվանդի որդի Տիգրան I-ը աջակցում է մարական պետության դեմ 550թ. ապստամբած պարսից թագավոր Կյուրոս Մեծին՝ դառնալով նրա դաշնակիցը:
Ավելի ուշ Հայաստանը վերածվեց հին աշխարհի ամենամեծ պետություններից մեկի՝ Աքեմենյան Պարսկաստանի սատրապության, շարունակելով միաժամանակ գոյատևել որպես ենթակա թագավորություն:
Ք. ա. IV դարում Աքեմենյան տերությունն ընկավ Ալեքսանդր Մակեդոնացու բանակների հարվածների ներքո (Ք. ա. 331թ. Գավգամելայի ճակատամարտ): Հայերը մակեդոնացիների հաղթանակից հետո վերականգնվեց Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։
Ալեքսանդր Մակեդոնացու տերության տարածքում ձևավորված ամենուժեղ թագավորությունը Սելևկյան պետությունն էր, որին շուտով հաջողվում է Հայաստանը քաղաքականապես տրոհել չորս թագավորությունների՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմագենե, և իրեն ենթարկել դրանք։ Երվանդունիների իշխանությունը թեպետ մասնատված և քայքայված, շարունակվեց մինչև Ք.ա. III դարի վերջը։