Պատմություն. Թեմա 2. Վանի աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին, Սարդուրի 2-րդ

Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ծնունդ է առնում առաջին համահայկական պետությունը՝ Վանի կամ Բիայնիլիի թագավորությունը, որն ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս Ուրարտու անունով, իսկ Աստվածաշնչում՝ որպես Արարատ: Նրա մայրաքաղաքը եղել է Տուշպա (այժմ Վան) քաղաքը։ Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II թագավորների իշխանության շրջանում վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության: 

Արգիշտի I-ը իր տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափերը, Շիրակը, Ջավախքը և Եփրատի հովիտը։ Այսպիսով` Արգիշտի I արքան Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, որ բնակեցված էր հիմնականում հայախոս ցեղերով, կարողացավ միավորել մեկ կենտրոնացված պետության մեջ։ Արգիշտի I-ը Ք. ա. 782թ. հիմնադրում է Էրեբունի բերդաքաղաքը, որից էլ իր անունն է ստացել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը: Նա կառուցել է նաև Արգիշտիխինիլի քաղաքը ներկայիս Արմավիրի հարևանությամբ։

Վանի թագավորությունում բարձր զարգացման հասան գյուղատնտեսությունն ու արհեստները: Կառուցվում էին բերդ-քաղաքներ եւ ամրոցներ, որոնք ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական նպատակներ էին հետապնդում: Մեծ զարկ ստացավ ջրանցքաշինությունը. օրինակ՝ Վան քաղաքը ջրով ապահովող 72կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Գրեթե մեկ դար շարունակ Վանի թագավորությունը պարբերաբար պատերազմում էր իր վտանգավոր հակառակորդ Ասորեստանի հետ, սակայն պարտվում է այդ պայքարում: Ենթարկվելով հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի ավերիչ հարձակումներին եւ Ասորեստանի նվաճողական արշավանքներին, Վանի թագավորությունը աստիճանաբար թուլանում է ու անկում ապրում Ք. ա. VII դարի վերջերին: