Պետական կարգը
Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական (թագավորական):
Թագավորն ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրների հետ բանակցելու իրավունք։
Վաղ միջնադարում Հայաստանի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին թագավորական արքունիքի գործակալությունները:
Հազարապետը հավաքում էր հարկերը և ղեկավարում էր պետական շինարարական աշխատանքները ։
Մարդպետը հսկում էր արքունի տիրույթները և գանձարանը։
Սպարապետը գլխավորում էր արքունի զինված ուժերը (Մամիկոնյաններ):
Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում կատարում էր հայոց կաթողիկոսը:
Թագակիր ասպետության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և հետևել պալատական արարողակարգի կատարմանը (Բագրատունիներ):
Մաղխազը իրականացնում էր թագավորի անձնական անվտանգության պաշտպանությունը և ղեկավարում էր թագավորական թիկնազորը։
Պետական գրասենյակը կամ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր, գրագրության կազմակերպողը:
Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում գրանցվում էր Գահնամակ փաստաթղթում։
Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկելու համար թագավորը հրավիրում էր Աշխարհաժողով։ Քրիստոնեության ընդունումից հետո Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին:
Հայկական բանակը
Հայոց կանոնավոր բանակը բաղկացած էր 120 հազար զինվորներից՝ հեծելազորից և հետևակից:
Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորի զորաբանակը (65 հազար) ավելին էր, քան բոլոր նախարարների զորքերը միասին (55 հազար)։
Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձի ջոկատները:
Հայ նախարարների զորքի թվաքանակը գրանցվում էր Զորանամակում: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ: