Ես ուզում եմ ներկայացնել Աստղաշեն գյուղը, որտեղ գետնից կարող ես աստղաձև քարեր գտնել։
Աստղաշենը գյուղ է Արցախի Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից 20 կմ հեռու։ Աստղաշենի պատմական անունը եղել է Քարաղբյուր, գյուղը նաև կոչվել է Դաշբուլաղ և Արցախաշեն։ 1996 թվականին վերանվանվել է Աստղաշեն հենց գյուղում հայտնաբերված աստղաձև քարերի պատճառով։
Քարերը 145-ից 165 միլիոն տարեկան են։ Ենթադրում են, որ առաջ այստեղ օվկիանոս է եղել, և կենդանիների մնացորդները՝ ծովային շուշանները, քարացել են, դարձել աստղեր։ Ծովաշուշանները սկզբում բավականին մեծ են եղել։ Սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել, փոքրացել են և մնացել հողի փափուկ շերտի տակ։ Նման աստղիկներ կան ոչ միայն Արցախում, այլ մոլորակի մի քանի այլ տեղերում։ Բայց Աղտղաշենում հողի տակ մնալով նրանք լավ են պահապանվել։ Այս բոլոր աստղաձև քարերը կարելի է գտնել միայն մի ժայռի վրա։
Աստղաշենը իմ մայրիկի տատիկի գյուղն է։ Այդ ժայռը գտնվում է իրենց տան դիմաց։ Մայրիկս պատմում է որ երբ փոքր էր ու գնում էր գյուղ, բռերով էր հավաքում այդ քարերը։ Հիմա քարերը կարելի է հավաքել միայն հորդառատ անձրևից հետո։ Դրա համար մարդիկ ասում են, որ անձրևը երկնքից աստղերը բերում է ներքև։
Pingback: Չբացահայտված Հայաստան — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3.2 դասարան