Ռադիո Թայսոն կամ ռադիոմարզումը հետաքրքիր և կարևոր տեղ ունի ճապոնական պատմության և հասարկության մեջ։ Երբ իմ ճապոնացի մայրը դաշնամուրի ուրախ ու զրնգուն երաժշտության տակ առաջին անգամ կարծես խաղ անելով սկսեց դոփել իր ոտքերը և թափահարել իր ձեռքերը վեր ու վար, ես չէի էլ պատկերացնում նրա թեթև պարի պատմական և մշակութային կարևորությունը։
Ռադիո Թայսոյի մարզումը այսօրվա մշակույթում
Ժամանակակից ռադիո Թայսոն անպայման ամեն օր ժամը 6։30 հեռարձակվում է Ճապոնիայի Հեռարձակման Ընկերության ալիքով։ Տղամարդու մեղմ, բայց զվարթ ձայնը սկսում է անընդմեջ վարժությունները՝ հրահանգելով լսողներին ցատկել առաջ ու հետ, պտտել իրենց ազդրերը և ձգել իրենց հոդերը դաշնամուրի ուրախ (մի քիչ էլ անճաշակ) երաժշտության ռիթմի տակ։ Ճապոնիայի Հեռարձակման Ընկերությունը հաղորդում է նույնիսկ դրա տեսողական տարբերակը, ուր ցուցադրվում են նաև նստած վարժություններ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կանգնել։ Իր գաղափարով թաիչիի և յոգայի նման՝ այս վարժությունները նախատեսված են կարգավորել արյան հոսքը, ակտիվացնել և նախապատրաստել միտքը ողջ օրվա համար։
Ռադիո Թայսո վարժությունների շարքի պատմական նշանակությունը
Ի հակադրություն իմ առաջին արձագանքի՝ ռադիո Թայսոն պետք է շատ լուրջ ընդունել։ Այն առաջին անգամ սկսել է գործել Ճապոնյաում 1928թ․՝ տոնելու և հիշելու կայսր Աքիհիտոյի թագադրությունը (ով հիմա իր թագավորական իշխանության 88-րդ տարում է)։ Ոգեշնչված նմանատիպ ամերիկյան վարժություններով՝ ռադիո Թայսոն նախագծված էր առողջ և կայտառ պահել ճապոնացի զինվորներին, ինչպես նաև տանը գտնվող կանանց և երեխաներին։
Հետաքրքիր է սակայն, որ 1945թ․ Ճապոնիայի պարտությունից հետո ռադիո Թայսոն արգելվեց Ճապոնիան զավթած ուժերի կողմից՝ համարելով, որ այն չափից դուրս ռազմականացված է և հետ կբերի վերջին խորտակված տասնամյակի հիշողությունները։
Այնուամենայնիվ հենց որ նախնական վարժությունները փոփոխման ենթարկվեցին և դարձան մի քիչ ավելի խաղային, Ճապոնիայի Հեռարձակման Ընկերությունը նորից կյանքի կոչեց այս ավանդույթը 1951թ․․․ և այն առ այսօր դեռ նույնքան սիրված է։ Շատ դպրոցներ պահանջում են երեխաներից, որ նրանք մասնակցեն վաղ առավոտյան վարժություններին։ Այն նաև մեծ իրադարձությունների նախերգանքն է, ինչպես նաև հաճախ օգտագործվում է աշխատավայրում որպես թիմային կառուցման լուրջ միջոցառում: Մարմինն առավոտյան ամբողջովին արթնանում է ենթադրաբար մոտ 3 ժամում, բայց ռադիո Թայսոյի հետ այդ ժամանակը էապես կրճատվում է, քանի որ շարժումներից արյան շրջանառությունն ավելանում է դեպի ուղեղը և մկանները։
Վարժությունը մեր առօրյայում
Երբ աշխատում էի Սաիթամայի ամառային ճամբարում, ուր Ռադիո Թայսոն պարտադիր էր այնտեղ բոլոր մնացողների համար, չնայած ես սկզբում դժկամությամբ էի դեսուդեն ցատկում վաղ առավոտյան, ես աստիճանաբար սկսեցի գնահատել ձգումները և աստղի նման վեր թռնելը։ Ճապոնացի բոլոր երեխաները իմ շուրջը անգիր գիտեին դրանք և մի քանի շաբաթ հետո ես կամաց-կամաց սկսեցի հասկանալ ամենօրյա կյանքում դրա անբաժանելի գործառույթը։
Վարժություններ օրը ճիշտ սկսելու համար
Եթե դու սովոր չես ռադիո Թայսոյին, այն քեզ կարող է թվալ պատմության մեջ արմատացած մի անհեթեթ ռեժիմ և պարզապես մշտապես առկա ճապոնական կարգ ու կանոնի զգացումի և միասնության շարունակություն։ Սակայն գործնականում, այն իսկապես արթնացնում է քեզ և իսկապես ակտիվ և արդյունավետ ես զգում քեզ ամբողջ օրը։
Այնպես որ, լարեք ձեր զարթուցիչը 6:20-ի վրա և ես խոստանում եմ, որ առաջին մի քանի անգամ դեպի վար ձգումներից հետո դուք ձեր առավոտները կսկսեք զգալ թարմ ինչպես մարգարտածաղիկը (այս ծաղիկը խորհրդանշում է նոր սկիզբ)։